Լույս է տեսել «Դատական իշխանություն» ամսագրի 2025թ. տարեվերջյան համարը (հոկտեմբեր-դեկտեմբեր):
Նրանում տեղ են գտել Ադելինա Սարգսյան-Վարազդատ Սուքիասյանի «Միջազգային քրեական իրավունքի սկզբունքների իմպլեմենտացիայի որոշ հարցեր», Արթուր Ղամբարյանի «Մեղադրյալի դատավարական պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով խափանման միջոց կիրառելու հիմնախնդիրները», Վլադիմիր Հովսեփյանի «Պարտավի եկեղեցական ժողովի կանոնները՝ որպես իրավունքի աղբյուր», Մարտին Մանուկյանի «Արեւմտաեվրոպական պառլամենտարիզմի զարգացման պրակտիկան (մաս III)», Մարկ Ազդարիդիսի «Զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրումը` որպես հանցանքի կատարման որակյալ հատկանիշ` ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» հոդվածները, նաեւ` հոդվածներ, ռուսալեզու, անգլախոս ընթերցողների համար:
2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական նոր օրենսգիրքը ի թիվս այլնի, էական փոփոխության է ենթարկվել մի շարք հանցակազմերի որակյալ հատկանիշ հանդիսացող համապատասխան հանցավոր արարքի կատարումը զենքի եւ միաժամանակ զենք չհանդիսացող այլ գործիքի գործադրմամբ։ Հոդվածի ուսումնասիրության առարկան վերաբերում է հիշատակված փոփոխությանը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարված լինելու որակյալ հատկանիշով արարքի որակմանը։
Հաշվի առնելով դատական գործընթացներում հաճախ փակուղային իրավիճակ ստեղծած «նախապես պատրաստված» կամ «հարմարեցված առարկայի» միջոցով կատարված հանցագործություններով վեճերի աճը, դատարանների գնահատականները, հաճախ հնչող հարցերը` ի՞նչ նպատակով պետք է առարկան կամ միջոցը հարմարեցված կամ պատրաստված լինի ծանրացնող հանգամանքի առկայության համար, ո՞ւմ կողմից պետք է առարկան կամ միջոցը հարմարեցված կամ պատրաստված լինի, կարո՞ղ է արդյոք դեպքի վայրից վերցված առարկայի գործադրումն առաջացնել ծանրացնող հանգամանքը, ներկայացնենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարկ Ազդարիդիսի «Զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրումը` որպես հանցանքի կատարման որակյալ հատկանիշ` ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» հետազոտությունից մի հատված:
«…Մի շարք դեպքերում քրեական հետապնդման մարմինները քննությամբ չհայտնաբերված եւ չնույնականացված դանակը per se գնահատել են որպես մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկա։ Մեկ այլ դեպքում, քրեական հետապնդման մարմինների համար ծանրացնող հանգամանքի մեղսագրման, իսկ դատարանի համար անձին մեղսագրված արարքը կատարած լինելու մեջ մեղավոր ճանաչելու համար բավարար է եղել ընդամենն այն, որ վնասը պատճառվել է սուր կտրող-ծակող գործիքով, որը ոչ միայն չի հայտնաբերվել քննությամբ, այլ որի անգամ տեսակը պարզված չի եղել (այսինքն չի բացառվում, որ վնասը կարող էր հասցված լինել ամենահասարակ կենցաղային առարկա հանդիսացող խոհանոցային դանակով)։ Հատկանշական է, որ տվյալ դեպքում անգամ անձին ներկայացված մեղադրանքը չի պարունակում որեւէ նշում ենթադրյալ հանցանքի գործիքի զենք կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված կամ պատրաստված առարկա կամ միջոց հանդիսանալու մասին, թեեւ արարքը որակվել է այդ ծանրացնող հանգամանքով։ Պրակտիկան անմասն չի մնացել նաեւ այնպիսի դեպքերից, երբ հանցագործության գործիքն իրավակիրառի կողմից միաժամանակ գնահատվել է մարմնական վնասվածք պատճառելու համար ե՛ւ պատրաստված, ե՛ւ հարմարեցված։ Մեկնաբանման նման ապահով տարբերակը, ըստ իս, հակադրվում է կարգավորման էությանը, որը հանգում է նրան, որ մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված կարող է լինել ոչ այդ նպատակով պատրաստված առարկան կամ միջոցը, եթե ենթարկվի համապատասխան փոփոխությունների։ Մինչդեռ, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկան արդեն իսկ ստեղծման պահից հարմարեցված է մարմնական վնասվածք պատճառելու համար, ուստի այլեւս չի կարող խոսք գնալ առանձին հարմարեցված լինելու մասին։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի թիվ ԵԴ1/1257/01/23 քրեական գործով դատավճիռը, որը խնդրո առարկա ծանրացնող հանգամանքի համապարփակ մեկնաբանման առաջին դատական օրինակներից է։
Տվյալ գործով Ն. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով Հ. Հ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքերով եւ իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ է հասցնելու եւ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։
Հիշյալ ակտով, Դատարանը, նախ իրավացիորեն արձանագրել է, որ քննարկվող հանցակազմի տեսանկյունից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված հատկանիշները զենքին վերաբերելի չեն, այնուհետեւ, դատարանն ընդգծել է, որ օրենսդրի կողմից վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրումը որպես հանցակազմի որակյալ հատկանիշ դիտարկելը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձն իր հանցավոր գործողություններն ավելի արդյունավետ կատարելու համար օգտագործում է նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա, միջոց, որպիսի հանգամանքն իր հերթին վտանգավորության աստիճանով ավելի բարձր է բոլոր այն իրավիճակներից, երբ անձն իր հանցավոր գործողությունները կատարում է ոչ այդ նպատակով նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայով:
Այլ խոսքով, ըստ դատարանի՝ օրենսդիրը նշված ծանրացնող հանգամանքը նախատեսել է՝ առավելապես հաշվի առնելով նաեւ այն, թե հանցավորն ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ է ձեռնարկում հանցանքը կատարելու համար, հակառակ պարագայում օրենսդիրն ուղղակիորեն կարող էր հրաժարվել եւ չգործածել «նախապես» եզրույթը, որն ըստ էության լրացուցիչ չափանիշ է սահմանում բոլոր այն իրավիճակների համար, երբ հանցավոր մտադրություններն իրագործվում են վնաս պատճառելու համար պիտանի առարկայի գործադրմամբ։
Վերոնշյալի առնչությամբ անհամաձայնություն հայտնելով Դատարանի եւ հետագայում, ըստ էության, նաեւ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած համապատասխան դիրքորոշումներին՝ կրկին ցանկանում եմ ընդգծել, որ «նախապես» հատկանիշը վերաբերում է առարկայի կամ միջոցի պատրաստման կամ հարմարեցման ժամանակագրական սահմաններին եւ որեւէ պարագայում չի խոսում նրա մասին, որ հենց հանցավորը պետք է հանցագործության գործիքի պատրաստման կամ հարմարեցման ձեւով նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկի։
Զարգացնելով նախորդիվ արտահայտված դիրքորոշումները՝ դատարանը սահմանել է, որ նախապես պատրաստված առարկայի ներքո պետք է ընկալել այն իրերը, որոնք ստեղծվում են վնաս, վնասվածք պատճառելու նպատակով եւ արդյունքում իրենց կառուցվածքային միավորով ի զորու են նման վնասվածք պատճառել։ Ընդ որում՝ այդ պայմաններում էական չէ՝ այն նախապես պատրաստված է եղել հանցավորի կողմից, թե հանցավորն արդեն իսկ մեկ այլ անձից ձեռք է բերել այն՝ իր հանցավոր նպատակն ի կատար ածելու շարժառիթից ելնելով։ Ըստ դատարանի, առարկան կամ միջոցը նախապես հարմարեցնելու հատկանիշի տակ պետք է հասկանալ այն իրավիճակները, երբ հանցավորը փոխում է առարկայի կամ միջոցի ի սկզբանե ունեցած նպատակային նշանակությունը եւ այն հարմարեցնում է մարմնական վնասվածք պատճառելու համար։
Այսինքն՝ հարմարեցման տակ շատ ավելի պետք է հասկանալ առարկայի նպատակային նշանակության փոփոխությունը՝ կենցաղային կամ սպորտային նշանակությունից հանցավոր նպատակների ծառայեցնելը եւ այլն։ Օրինակ՝ խոհանոցային դանակը, որի նշանակությունը կենցաղային է, փոխում եւ հարմարեցնում (ծառայեցնում) է որեւէ մեկին մարմնական վնասվածք պատճառելու համար կամ սպորտային մահակը հարմարեցվում (կամ հենց ինքն իրենով արդեն հարմար է) եւ ծառայեցվում է հանցավոր նպատակների համար։ Դատարանի կողմից տրված նման մեկնաբանումը, ըստ իս, կրկին հիմնավոր չէ»։
Նախ, հարկ է նշել, որ հարմարեցումը ենթադրում է հանցավորի կողմից արդեն իսկ գոյություն ունեցող առարկայի կամ միջոցի նկատմամբ որեւէ ներգործության իրականացում, դրա ձեւափոխում, ուստի որեւէ առարկա կամ միջոց չի կարող հենց ինքն իրենով արդեն հարմար լինել եւ համարվել մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված՝ ելնելով լոկ այն փաստից, որ այն պիտանի է մարմնական վնասվածք պատճառելու համար։
Հարմարեցման՝ գործիքի նպատակային նշանակության փոփոխության, դատարանի դատողությունների առթիվ անհրաժեշտ է ընդգծել, որ օբյեկտիվ իրականությունում որեւէ առարկայի՝ իր նպատակային նշանակությանը հակառակ օգտագործումը դեռեւս չի փոխում վերջինիս նպատակային նշանակությունը, եւ նման դեպքում խոսք չի կարող գնալ հարմարեցման մասին։ Դատարանի արտահայտած դիրքորոշումը վկայում է «մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված կամ պատրաստված» եւ «որպես զենք օգտագործվող» կոնցեպտների ասիմիլյացիայի մասին, քանի որ Դատարանի գնահատմամբ ինքնին որեւէ առարկայի գործադրումը (ծառայեցումը) մարմնական վնասվածք պատճառելու համար (տվյալ առարկայի նպատակային նշանակությանը հակառակ) բավարար է առարկայի մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար, ինչը «որպես զենք օգտագործվող» չափանիշի դասական բնութագրումն է։
Մինչդեռ, ներկա օրենսդրական կարգավորումների պարագայում զենք կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես չպատրաստված որեւէ առարկա կամ միջոց չի կարող առաջացնել ծանրացնող հանգամանքը (համարվի մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված), եթե այն չենթարկվի մարմնական վնասվածք պատճառելն առավել հարմար դարձնող կառուցվածքային փոփոխությունների՝ անգամ եթե տվյալ գործիքը (օրինակ՝ սպորտային մահակը) ի սկզբանե հարմար էր (պիտանի էր) մարմնական վնասվածք պատճառելու համար։
Հիմնավոր է թվում նաեւ Դատարանի այն դատողությունը, որ առարկան կամ միջոցը հարմարեցնելը կամ պատրաստելը պետք է ժամանակային առումով նախորդեն ոտնձգության կատարմանը, սակայն պարտադիր պայման չէ, որ այն նախապես պատրաստված կամ հարմարեցված լինի հենց այդ հանցանքը կատարելու համար։ Դատարանը, ի հիմավորումն նշվածի՝ բերում է այն օրինակը, որ հնարավոր են դեպքեր, երբ հիշյալ առարկան նախապես պատրաստված լինի, եւ անձի մոտ հանցանք կատարելու մտադրությունը դեռեւս առկա չլինի, սակայն, երբ անձն այդ առարկան՝ նախապես պատրաստված կամ հարմարեցված լինելու հանգամանքով պայմանավորված, վերցնում է իր մոտ մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու նպատակով, ապա այդ դեպքում քննարկվող ծանրացնող հատկանիշը եւս առկա է:
Այնուամենայնիվ, դատարանը հաջորդիվ պնդում է, որ այն իրավիճակում, երբ կենցաղային օգտագործման համար հարմարեցված առարկան անձը նախապես վերցնում է իր մոտ՝ հանցավոր նպատակներով (մեկ այլ անձի հետ հաշիվներ պարզելու համար), ապա այդ դեպքում եւս խնդրո առարկա ծանրացնող հանգամանքն առկա է։ Վերոգրյալով դատարանը կիսում է իրավակիրառի այն մոտեցումը, որ նախապես վերցված առարկան եւս նախապես հարմարեցված է, սակայն պայմանով, որ այն վերցվել է մարմնական վնասվածք պատճառելու համար։
Նշվածի առնչությամբ նորից անհրաժեշտ է նշել, որ առարկայի հարմարեցումը որեւէ պարագայում չի կարող առկա լինել՝ սոսկ գործիքը նախապես վերցրած լինելու հաշվառմամբ: Անգամ Վճռաբեկ դատարանի հարմարեցման վերաբերյալ արտահայտված դիրքորոշման բացակայության պայմաններում դժվար է նման տեսակետն ընդունելի համարել այն պատճառով, որ եթե ցանկացած կենցաղային նշանակության առարկա մարմնական վնասվածք հասցնելու նպատակով նախապես վերցնելը բավարար լիներ ծանրացնող հանգամանքի առկայության համար, ապա առարկայազուրկ կլիներ «պատրաստված» եզրույթի ներառումն իրավադրույթում։
Վերոգրյալի էությունը կայանում է նրանում, որ ցանկացած նպատակով պատրաստված յուրաքանչյուր առարկայի գործադրումը, եթե այն նախապես վերցվում է վնասվածք պատճառելու համար, ինքնին կառաջացնի ծանրացնող հանգամանքը հարմարեցված հատկանիշի ուժով, քանի որ «պատրաստված»-ը նույնպես պետք է նախապես վերցնել, ուստի, ինքնանպատակ է լրացուցիչ «պատրաստված» հասկացության նախատեսումը, մինչդեռ իրավական կարգավորումները չպետք է ընկալվեն եւ մեկնաբանվեն տարանջատված, այլ իրավադրույթը պետք է հաշվի առնվի ամբողջությամբ եւ մեկնաբանվի համակարգային համակցության մեջ, ինչը միայն թույլ կտա պատշաճ վերլուծել օրենսդրի կամքը եւ բացահայտել կարգավորման էությունը։
Ամփոփելով ծանրացնող հանգամանքի կիրառման պրակտիկայի արդյունքները՝ գտնում եմ, որ դրույթի կիրառման դեպքերի գերակշիռ մասը վկայում է իրավակիրառի իներցիայով գործելու եւ օրենսդրական փոփոխությունների հանդեպ ունեցած պահպանողականության մասին, ինչի արդյունքում անտեսվել են իրավադրույթի էական հատկանիշները եւ այն գերազանցապես կիրառվել է ծանրացնող հանգամանքի նախկին օրենսգրքում առկա շարադրանքի տրամաբանությամբ»:
Մարկ ԱԶԴԱՐԻԴԻՍ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: