Երբ «Արմեդ»-ում կարձանագրվի, որ անձը ունի խնդիր, մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի. ՆԳ փոխնախարար


ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ««Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծին:


«Առաջին ընթերցմամբ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Փոփոխությունները, ըստ էության, վերաբերում են վարորդական վկայականի՝ վարելու իրավունքի դադարեցման հոդվածին:


«Բովանդակությունը հետևյալն է. մենք ունենք մի շարք հիմքեր, որոնցով դադարեցվում է անձի վարելու իրավունքը: Դրանք են՝ անգործունակ ճանաչվելը, իրավունքից զրկվելու համար դատարանի կամ իրավասու մարմնի ուժի մեջ մտած ակտը, անձի մահվան դեպքը, և ունենք չորրորդ հիմքը, այն է՝ թմրամիջոցների կամ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների վերաբերյալ առողջապահական մարմնի տված եզրակացությունը:


Մեր առաջարկությունը քննարկել և համաձայնեցրել ենք առողջապահության նախարարության գործընկերների հետ, և այն պահին, երբ «Արմեդ» համակարգում կարձանագրվի, որ անձը ունի թմրամիջոցների հետ կապված կամ հոգեկան առողջության հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակով ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից, և անձի մեքենա վարելու իրավունքը կդադարեցվի: Սա է ամբողջ գործընթացը»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Դիտումների քանակ1

Leave a comment