Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու


Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։


Նա հիշեցրել է վերջերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և նշել, որ բարձր մակարդակի շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ալիևն ընդգծել է անցյալ տարի Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած այցի հաջողությունն ու համագործակցության հետագա խորացումը:


Ադրբեջանի նախագահը նշել է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, իսկ Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել, ինչը մեծ նշանակություն ունի նաև Իրանի համար՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևանի։


Ազիզ Նասիրզադեն Ալիևին է փոխանցել Իրանի նախագահի ողջույնները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Leave a comment