Համերի սիներգիան․ երբ մի մթերքն օգնում է մյուսին օրգանիզմում ավելի լավ յուրացվելու հարցում

Հացը՝ կարագով, ձուն էլ՝ թարխունով․ մթերքների համադրություններ կան, որոնք հաճախ անքակտելի են թվում, սակայն հարցը սոսկ համերի ներդաշնակությունը չէ, այլ սիներգիան՝ «փոխշահավետ համագործակցությունը», երբ մի մթերքն օգնում է մյուսին օրգանիզմում ավելի լավ յուրացվելու, և այդպիսով էլ առողջությանն առավելագույն օգուտ տալու գործում։

Ինչպե՞ս է դա տեղի ունենում․ հարցը քննարկենք ֆիտոքիմիական նյութերի օրինակով։ Այդ բուսական միացությունները, հետազոտությունների համաձայն, օրգանիզմում նվազեցնում են օքսիդացման սթրեսը՝ նպաստելով քրոնիկական հիվանդությունների կանխարգելմանը։ Սակայն, ցավոք, օրգանիզմում այդ նյութերը միշտ չէ, որ յուրացվում են արդյունավետորեն։ Բայց, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, որոշ մթերքներ, գործածվելով այդ միացությունների հետ, բարձրացնում են դրանց սննդային արժեքը։

Այդպիսի համադրությունների օրինակ են՝

Բանջարեղենի տեսակներն ու օգտակար յուղերը

Վառ գունավորում ունեցող շատ մրգեր ու բանջարեղենի տեսակներ հարուստ են կարոտինոիդներով․ սրանք ֆիտոքիմիական նյութեր են, որոնք հայտնի են իրենց պաշտպանիչ ազդեցությամբ։ Դրանցից, օրինակ, բետա-կարոտինը, որը պարունակվում է գազարի, կանաչ տերևավոր բանջարեղենի կազմում,  վերածվում է վիտամին А-ի և կապվում է տեսողության լավացման հետ։  Իսկ լիկոպինը, որով հարուստ են լոլիկն ու ձմերուկը, նվազեցնում է կաթվածի, շաքարախտի, ճարպակալման և անգամ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը։

Բետա-կարոտինն ու լիկոպինը ճարպալույծ կարոտինոիդներ են և ավելի լավ են յուրացվում օրգանիզմի կողմից, երբ համադրվում են ճարպերի հետ։ Ճարպն այստեղ «բանալու» դեր է կատարում՝ թույլ տալով «բացել» մթերքներում առկա սննդանյութերը։

Այս սննդանյութերով հարուստ մթերքները խորհուրդ է տրվում համադրել այնպիսի օգտակար յուղերի հետ, ինչպիսիք են ավոկադոյի, կոկոսի յուղը, ձիթայուղը։

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ կարոտինոիդներով հարուստ մթերքների ջերմային մշակումն ավելի է բարձրացնում այդ սննդանյութերի կենսահասանելիությունը։ Օրինակ՝ 2006 թ․-ի մի հետազոտության համաձայն՝ տապակած գազարի կազմում առկա բետա-կարոտինի կենսահասանելիությունը մոտ 75 տոկոս է, իսկ հում գազարինը՝ 11 տոկոս։

Մեկ այլ՝ 2024 թ․-ի հետազոտության արդյունքներով՝ եփված լոլիկների մեջ լիկոպին 3 անգամ ավելի շատ է պարունակվում, քան հում լոլիկների կազմում։

Ահա թե ինչու է, օրինակ, իդեալական համարվում չորացրած լոլիկը ձիթայուղի մեջ համադրությունը։

Կիտրոնի հյութ ու բանջարեղեն

Առանց երկաթի անհնար է պատկերացնել օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը․ այս հանքանյութը անհրաժեշտ է ընդհանուր առողջության, էներգիայի ու արյան բջիջների կանոնավոր գործառույթների համար։ Քանի որ օրգանիզմը չի կարող երկաթ արտադրել, այն պարբերաբար պետք է ստանա սննդի միջոցով։ Սննդային երկաթի երկու տեսակ կա՝ հեմային երկաթ, որը ստացվում է կենդանական ծագման սննդից և ոչ հեմային, որի աղբյուրն էլ բուսական սնունդն է։

Օրգանիզմը բավականին «քմահաճ» է իր կողմից օգտագործվող երկաթի հարցում։ Հեմային երկաթն ավելի հեշտ է մտնում արյան շրջանառության մեջ, քան ոչ հեմայինը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմի կողմից յուրացվում է հեմային երկաթի մոտ 25, իսկ ոչ հեմայինի՝ 17 տոկոսը։ Այդպես է, քանի որ հեմային երկաթն, ի տարբերություն բուսականի, արդեն իսկ լուծված վիճակում է հայտնվում օրգանիզմում։ Սակայն, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, վիտամին C-ն օգնում է ոչ հեմային երկաթին փոխել իր ձևն ու ավելի լավ ներծծվել օրգանիզմում։

Ահա թե ինչու հրաշալի տարբերակ է տապակած բրյուսելյան կաղամբի վրա կիտրոնի հյութ ցողելը կամ սպանախով աղցանին ելակ, բուլղարական պղպեղ, նարինջ ավելացնելը։

Կուրկումին և պիպերին

Ֆիտոքիմիական նյութերի դասին պատկանող պոլիֆենոլները ևս հայտնի են հակաօքսիդանտային հատկություններով։ Քրքումը պարունակում է կուրկումին կոչվող պոլիֆենոլը, որն օժտված է հակաբորբոքային, հակաօքսիդանտային և նեյրոպաշտպանիչ հատկություններով։ Սակայն կուրկումինը, սննդի հետ հայտնվելով օրգանիզմում, երկար չի մնում այնտեղ՝ չհասցնելով լավ յուրացվել։ Բարեբախտաբար, կան այլ բաղադրամասեր, որոնք դանդաղեցնում է կուրկումինի դուրսբերումն օրգանիզմից՝ նպասելով այդ պոլիֆենոլի ներծծմանը։ Այդպիսի ակտիվ բաղադրամաս է սև պղպեղի կազմում պարունակվող պիպերինը, որը նշանակալիորեն ավելացնում է կուրկումինի յուրացումը։

Ահա թե ինչու առողջության համար բարի գործ արած կլինեք, եթե հավը պատրաստեք քրքումի ու սև պղպեղի համադրությամբ։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ National Geographic

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment