ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ

Քաղաքականություն

09.06.2026 | 19:17

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Չինաստանի Կովկասում ազդեցության դեմ պայքարի մասին» օրենքը, որը Կոնգրեսում ներկայացվել էր 2026 թվականի փետրվարի 24-ին: Օրինագիծը պահանջում է զեկույց պատրաստել  Վրաստանում ռուսական և չինական հետախուզական գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարը, Ազգային հետախուզության տնօրենը և պաշտպանության նախարարը պետք է 180 օրվա ընթացքում զեկույց պատրաստեն, որը.

  • կուսումնասիրի ռուսական և չինական հետախուզական կառույցների և դրանց հետ կապված ակտիվների ներթափանցումը Վրաստան.
  • գնահատի Ռուսաստանի և Չինաստանի միջև ազդեցության և համագործակցության հնարավոր հատման կետերը Վրաստանում։

Բացի այդ՝ օրինագիծը նախատեսում է մշակել ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների հնգամյա ռազմավարություն: Փաստաթուղթը պահանջում է, որ ԱՄՆ-ը պատրաստի ռազմավարություն, որը՝

  • սահմանում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների նպատակները.
  • գնահատում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող օգնությունն ու ռեսուրսները.
  • որոշում է, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը պետք է շարունակվի.
  • գնահատում է, թե որքանով է  Վրաստանի կառավարության պատրաստ  ընդլայնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ:

Օրինագծի հեղինակներն են ԱՄՆ կոնգրեսականներ Ջո Ուիլսոնը (հանրապետական, Ջորջիա) և Սթիվ Քոհենը (դեմոկրատ, Վաշինգտոն)։

«Վրացական երազանքի անօրինական ռեժիմը երկիրը վաճառում է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը, ռազմական հանցագործ Պուտինին և Իրանին՝ վրաց ժողովրդի կամքին և Միացյալ Նահանգների շահերին հակառակ»,- ասել է Ուիլսոնը Կոնգրեսում՝ Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագծի ընդունումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment