«Սուտ է, նման բան չկա, ինչ արված է, հրապարակային է»․ Սուրեն Պապիկյանը՝ գնդերեցներին արված առաջարկի մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու է իր հրամանով ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդությունը լուծարվել։ 

«Տեղի է ունեցել հետեւյալը՝ պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, եւ փոխվել է ծառայության բնույթը։ Այսինքն՝ այն շահարկումները, որ հոգեւոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգեւոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Զինված ուժերում՝ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- ասաց նա։

Անդրադառնալով տեղեկություններին, որ զինվորականներն ու կորպուսի հրամանատարները գնդերեցներին առաջարկել են 750 հազար դրամ աշխատավարձի դիմաց միանալ Նիկոլ Փաշինյանի հռչակած «եկեղեցու բարենորոգման» արշավին, Պապիկյանն ասաց․ «Սուտ է, նման բան չկա։ Ինչ արված է, հրապարակային է, իմ հրամանը նույնիսկ ես բացել եմ, որ այս տարընթերցումները, հեքիաթները չլինեն»։

Նա հավելեց․ «Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարի հրամանը, որը մենք հրապարակել ենք, բացահայտում է, որ, այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն ու կատարեն իրենց առաքելությունը։ Աշխատավարձի չափը մեծ եք ասում, ես նման աշխատավարձի մասին տեղյակ չեմ, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից։ Եթե ՀՀ Զինված ուժերում ծառայելը որեւէ մեկն ուրացում է համարում, դա իր անձնական գործն է»։

Անդրադառնալով հայտարարություններին, որ առանց կաթողիկոսի հետ համաձայնության գալու՝ ինքը չէր կարող նման հրաման ստորագրել, Պապիկյանն ասաց․ «Հարգելիներս, ՀՀ-ում բոլոր ինստիտուտներն աշխատում են, թող բողոքարկեն, թող դիմեն դատարան, եթե այդպես է։ Ես չեմ կարծում, որ այդպես է, համաձայն չեմ իրենց հետ, իմ բոլոր գործողություններն էլ իրավաչափ են ու տեղին»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment