ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնին։ Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից։
Նախարարն ասաց՝ ներկայումս «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 4000-ից ավելի զինծառայողներ անցնել են պայմանագրային զինվորական ծառայության, եւ հոսքն ավելանալու միտում ունի։ «Այդ կապակցությամբ առաջարկում ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն՝ 2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ։ Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար՝ շարունակելու պայմանագրային ծառայությունը՝ նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ»,- ասաց նախարարը։
Նախագծով, մասնավորապես, սահմանվում է․ «33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար նոր պայմանագիր կնքած եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնող եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողը, ինչպես նաեւ սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակված ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը ենթակա է պարտադիր ատեստավորման պաշտոն զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո, եւ ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողն ատեստավորված է համարվում ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքների հիման վրա, եթե որպես պայմանագրային զինծառայող նշանակվում է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, որի դեպքում հավելավճարը հաշվարկվում է զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից: Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ սույն օրենքով սահմանված կարգով սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողն ատեստավորված է համարվում ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա, որի դեպքում հավելավճարը հաշվարկվում է զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից»:
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս նախագիծը սպասված էր։ «Ըստ էության, քննարկման արդյունքներով եկանք այն եզրահանգման, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտողներն ինչպիսի գնահատականներ կստանան, այդ գնահատականները կհամարվեն նաեւ ատեստացիայի արդյունքներ։ Ըստ այդմ՝ կբարձրանա իրենց ատեստավորման չափը։ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի մեջ ընդգրկված մեր զինծառայողները, ովքեր վեց ամիս հետո հանձնում են քննություն, այս քննությունների արդյունքները դառնում են նաեւ ատեստավորման արդյունքներ։ Ստացվում է՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո նորավարտ լեյտենանտը ստանում է 230-250 հազար դրամ աշխատավարձ եւ եթե նրա քննության արդյունքները գերազանց են, իր աշխատավարձին գումարվում է նաեւ 475 հազար աշխատավարձ։ Պատկերացրեք, թե ինչ մոտիվացիոն հիմք է ստեղծվում մեր երիտասարդների համար, որպեսզի ընտրեն այս մասնագիտությունը»,- նշեց Խաչատրյանը։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ նորավարտ լեյտենանտը կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ, բայց մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում դա կարող է տատանվել մինչեւ 820 հազար դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում
«Այս նախագիծը մեր հերթական քայլն է՝ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման։ Խնդրում եմ՝ կողմ քվեարկել, սա մեզ օգնելու է, որպեսզի պայմանագրայինների թիվն ավելանա»,- հավելեց Պապիկյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: