ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին՝ խորհրդարանի ընտրությանը քվեարկելու և իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ: Նա բարձր է գնահատել քաղաքացիական ներգրավվածության մակարդակը:
«Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային գործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին: Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների՝ չնայած խիստ բևեռացված քարոզարշավին`ընտրությունները եղել են ներառական, ապահովված են եղել քաղաքական այլընտրանքները, ընտրությունը հիմնված է եղել ամուր իրավական շրջանակի վրա: Քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշման և հիբրիդային հարձակումների, այդ թվում՝ տնտեսական ճնշումների պայմաններում, որոնք ուղղված են եղել ժողովրդավարական գործընթացը խաթարելուն և բևեռացմանը»,- նշել է Կալասը:
Այնուհանդերձ, ըստ Կալասի, ընտրությունն արտացոլել է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը և բարեփոխումների ճանապարհին գրանցած առաջընթացը: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դրանք նաև ընդգծում են հայ ժողովրդի հանձնառությունը եվրոպական արժեքներին և կայուն, անվտանգ ու բարգավաճ ապագային:
«ԵՄ-ն հաշվի է առնում Հայաստանի ընտրական մարմինների հրապարակած նախնական արդյունքները: Կոչ ենք անում քաղաքական բոլոր գործիչներին՝ հարգել այդ արդյունքները և ժողովրդավարական ընթացակարգերը։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է հայ ժողովրդին և հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական ճանապարհին և խորացնելու երկկողմ գործընկերությունը: Անհամբեր ենք՝ շարունակելու սերտ գործակցությունը Հայաստանի նորընտիր կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու համապարփակ բարեփոխումների օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը»,- ասված է հայտարարության մեջ:
Կալլասը շեշտել է Հայաստանի ինքնիշխանությունը, դիմադրողականությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումն ամրապնդելու կարևորությունը:
Դիտումների քանակ25