Գաբրիել Չեմբերջյանը դատի է տվել ԱՄԻՕ բանկին. 288 մլն դրամի փոխանցման օրինականության հետքերով. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սիրիահայ գործարար Գաբրիել Չեմբերջյանը դատական կարգով վիճարկում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի (նախկին «Հայբիզնեսբանկ») գործողությունները՝ պնդելով, որ բանկը իր ավանդային միջոցներից 288 մլն 300 հազար դրամ է փոխանցել մեկ այլ անձի՝ Կարինե Ավդալյանի սնանկության գործով հատուկ հաշվին։ Դատարանում քննվող գործի շրջանակում Չեմբերջյանը պահանջում է անվավեր ճանաչել դեռևս 2016 թվականին կնքված «Երրորդ անձի իրավունքի գրավի պայմանագիրը», որը, ըստ էության, դարձել է վիճահարույց փոխանցման հիմքը։

 

Նախ հիշեցնենք, որ Չեմբերջյանն այն գործարարն է, որը Աննա Հակոբյանի հիմնադրամին շռայլ նվիրատվություններ է անում։ Նա «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահն է։

 

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Չեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը, և այժմ կա քրեական վարույթ։ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում, այդ թվում՝ Գաբրիել Չեմբերջյանի, կատարել էին խուզարկություններ։

 

Հաշվի առնելով գործի հանրային հետաքրքրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք հարցեր էր ուղղել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին՝ պարզելու, թե ինչ հիմքերով է կնքվել վիճարկվող պայմանագիրը, ինչպես է իրականացվել հարյուրավոր միլիոնների փոխանցումը, և արդյոք հաշվի տերերը նախապես տեղեկացվել են իրենց միջոցների դուրսգրման մասին։

 

Բանկից ի պատասխան նշել են, որ որոշ տեղեկություններ հանդիսանում են բանկային գաղտնիք, սակայն մի շարք պարզաբանումներ են ներկայացրել։

 

Մասնավորապես, բանկը հայտնել է, որ 2016 թվականի օգոստոսի 12-ին Կարինե Ավդալյանի հետ կնքվել է վարկային պայմանագիր, որի ապահովման միջոց է հանդիսացել երրորդ անձի՝ Գաբրիել Չեմբերջյանի բանկային ավանդի պահանջի իրավունքի գրավը։

 

«Նման ապահովման մեխանիզմները լայնորեն կիրառվում են բանկային պրակտիկայում և հանդիսանում են գործող օրենսդրությամբ թույլատրելի գործիքներ»,- նշել են բանկից։

 

ԱՄԻՕ Բանկը նաև վստահեցրել է, որ յուրաքանչյուր գործարքի դեպքում իրականացվում է իրավական և ֆինանսական ռիսկերի գնահատում՝ ներքին կանոնակարգերի և օրենսդրության պահանջների համաձայն։

 

Ինչ վերաբերում է ամենաշատ հարցեր առաջացրած՝ 288,3 միլիոն դրամի փոխանցմանը, ապա բանկը այն կապում է Կարինե Ավդալյանի սնանկության վարույթի հետ։ Ըստ բանկի պարզաբանման՝ Ավդալյանը դեռևս 2019 թվականի օգոստոսի 19-ին դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, իսկ հետագա գործընթացները շարունակվել են սնանկության գործի շրջանակում։

 

«Բանկի լիազոր մարմնի որոշմամբ, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, սնանկության գործընթացի շրջանակում կայացված համապատասխան որոշումների հիման վրա իրականացվել է պարտավորության մասնակի մարում՝ 288,300,000 ՀՀ դրամի չափով, որը փոխանցվել է սնանկության գործով հատուկ հաշվին»,- ասված է բանկի պատասխանում։

 

Միևնույն ժամանակ, բանկը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք հաշվետերերը նախապես ծանուցվել են իրենց հաշվից նման խոշոր գումարի դուրսգրման մասին՝ հղում անելով բանկային գաղտնիքի պահանջներին։

 

Ինչ վերաբերում է դատարանում վիճարկվող պայմանագրի իրավաչափությանը, ապա բանկը հրաժարվել է հրապարակային դիրքորոշում հայտնել՝ նշելով, որ իր փաստարկները կներկայացնի բացառապես դատական գործընթացի շրջանակում

«Հաշվի առնելով, որ նշված հարցադրումը վերաբերում է Բանկի դեմ ներկայացված և ներկայումս դատարանում քննվող գործին, Բանկն իր դիրքորոշումը կներկայացնի բացառապես տվյալ դատական գործի շրջանակում»,- նշել են ԱՄԻՕ Բանկից։

 

Բանկը նաև ձեռնպահ է մնացել մեկնաբանել, թե ինչ քայլեր կձեռնարկի, եթե դատարանը հետագայում վիճարկվող պայմանագիրը ճանաչի անվավեր՝ ընդգծելով, որ առայժմ չկա օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ։

 

Այսպիսով, բանկը հաստատում է, որ 288,3 միլիոն դրամի փոխանցումն իրականացվել է սնանկության վարույթի շրջանակում, սակայն մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ավանդատուի տեղեկացվածության, փոխանցման իրավական հիմքերի ամբողջական բովանդակության և վիճարկվող պայմանագրի հնարավոր հետևանքների վերաբերյալ, դեռևս շարունակում են մնալ դատական քննության տիրույթում»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Leave a comment