Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը․ «Միասնության թևեր»
«Միասնության թևեր» կուսակցություն կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
«2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար: Ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ:
Գործում էր համակարգված սխեմա` բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի: Ստիպում էին չգնալ մեզ հետ հանդիպումների, վախեցնում, որ աշխատանքից կհեռացնեն ընտանիքի անդամին: Բազմաթիվ էին դեպքերը, երբ ըստ քաղաքացիների` իշխանությունից պահանջել են լուսանկարել քվեաթերթիկը և հետո ապացուցել, որ քվեարկել են իշխանության օգտին:
Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ իշխանության հավաքներին` սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլն: Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերն ապացուցող ձայնագրություններ, երբ մանկապարտեզի տնօրեններին են պարտադրում, բայց որևէ արձագանք իրավապահ մարմիններից չենք ունեցել:
Ամբողջ քարոզարշավն, իշխանության հրահրմամբ, ուղեկցվեց վիրավորանքներով ու ատելության խոսքով, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չունեցավ հասկանալու և գնահատելու բովանդակային ծրագրեր: Այս ընտրությունները նաև աչքի ընկան նրանով, որ տեղի ունեցան բացահայտ միջամտություններ օտար պետություններից` Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ու Մոսկվայից:
Արդյունքում` հայ ժողովրդին միավորելու փոխարեն, այս ընտրություններն առավել խորացրեցին պառակտումը, մարդկանց մեջ առավել տարածեցին անհանդուրժողականությունը: Ամենամեծ խնդիրն այս պայմաններում ՔՊ իշխանության վերարտադրությունն է` հակահայ քաղաքականությամբ:
Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են:
Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։ Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում։ Մինչև վերջ։ Արդարությունը գալու է»։