Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի ներկայությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։
Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի ներկայությամբ։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը: