Արագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածավան գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Միսակ Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Սմբատ Խ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Կարինե Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մերի Քեշիշյանը և Վարդան Խամոյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային  քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment