Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

07.06.2026 | 22:00

ԿԸՀ տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին կազմակերպված ԱԺ ընտրություններից, սակայն մոտ 2 տոկոսային կետով զիջում է դրանից առաջ՝ 2017 թվականին անցկացված ընտրությունների արդյունքներին։

Ժամային կտրվածքով նայելիս պարզ է դառնում, որ այս ընտրությունների ամենաակտիվ ժամանակահատվածը եղել է առավոտյան ու կեսօրին։ Ամեն երրորդ ընտրողն այդ ընթացքում կատարել է իր քվեարկությունը։ Այդ ժամերը ակտիվ են եղել նաև նախորդ ընտրությունների համեմատությամբ։

Բայց ցերեկը և երեկոյան ժամերին ակտիվությունը խիստ նվազել է, և օրինակ, ժամը 17:00-20:00 ժամանակահատվածում եղել է ամենացածր ցուցանիշը՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 10 տոկոսը։

Ինչ վերաբերում է մարզային կտրվածքով ակտիվությանը, ապա այստեղ ընդգծված առաջատարը եղել է Սյունիքի մարզը, որտեղ օրվա ավարտի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 66,67 տոկոսը։

Դրանից ավելի քիչ մասնակցություն եղել է Վայոց ձորի և Տավուշի մարզերում, համապատասխանաբար 65,63 տոկոս և 63,4 տոկոս մասնակցություն քվեարկությանը։

Քվեարկության արդյունքում ամենացածր ցուցանիշները գրանցվել է Գեղարքունիքում՝ 54,6։ Չնայած որոշ մարզերում համեմատական պասիվությանը՝ բոլոր մարզերում քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների կեսից ավելին։

Գարիկ Հարությունյան

Leave a comment