Խելագարության կանխավարկած

Վերջերս զրուցում էի սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ (զրույցը մեր կայքում կհայտնվի շաբաթ օրը երեկոյան) եւ ինձ մոտ հարց առաջացավ՝ գուցե հատուկ պետք է գրվեր՝ «կառավարությունը (վարչապետը), Ազգային ժողովը եւ դատարաններն իրավունք չունեն որոշելու, թե ով պետք է լինի Ամենայն հայոց կաթողիկոս, եպիսկոպոս կամ քահանա, ով պետք է լինի թեմի առաջնորդ եւ ում կարելի է կարգալույծ անել, ում՝ ոչ»:

Իմ այս «առաջարկը» պայմանավորված է նրանով, որ ՔՊ-ականները (նաեւ իրավաբանական կրթությամբ) «չեն հասկանում» ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: ՔՊ-ականներին իբրեւ թե պարզ չի, թե ինչ է նշանակում «երաշխավորել ազատությունը», եւ ինչ է նշանակում «անջատ»: Դրա համար, հավանաբար, պետք է նրանց համար «պարզաբանել». այդ հոդվածից բխում է, որ վարչապետը, խորհրդարանը եւ դատարանները չպիտի զբաղվեն կաթողիկոսի եւ մյուսների նշանակումներով եւ ազատումներով:

Այլ հանգամանքներում նման պարզաբանում կարող էր տալ Սահմանադրական դատարանը, բայց քանի որ այդ դատարանն էլ է գտնվում Փաշինյանի գրպանում, դրա պարզաբանման մեջ էլ գրված կլինի, որ ամեն ինչ OK է: Ի դեպ, ի պատասխան իմ այդ «առաջարկի», Վարդան Պողոսյանն ասաց, որ դա գրելն էլ չէր օգնի, որովհետեւ Փաշինյանը կասի՝ «այո, այդպես գրված է, բայց քանի որ ես ընտրվել եմ ժողովրդի կողմից, ես կարող եմ անել, ինչ ուզում եմ»: Իրոք, դա «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդի ոճի մեջ է:

Պետական իրավունքի մեկ այլ փայլուն մասնագետ, հանգուցյալ Վլադիմիր Նազարյանն ասում էր, որ օրենսդրությունը հնարավոր չէ մշակել՝ խելագարության կանխավարկածից ելնելով: Իսկապես, հնարավոր չէ գրել օրենքներ կամ սահմանադրություն այն հաշվարկով, թե ո՛ր ցնդած բռնապետի մտքով ի՛նչ կարող է անցնել: Ոչ մի օրենք չի կարող նախատեսել մի վիճակ, երբ գործադիր իշխանության ղեկավարն այնքան է լկտիացել անպատժելիությունից, որ իրեն իրավասու է համարում կաթողիկոս փոխել:

Այստեղ միայն գրված օրենքները բավարար չեն: Պետք է հասարակության իրավագիտակցության որոշակի մակարդակ: Իսկ մեր քաղաքացիներն այդ առումով չեն փայլում գրագիտությամբ: Մի քանի օր առաջ մեկն ինձ գրել է, որ ճիշտ էր գնդերեցների ինստիտուտի վերացումը՝ բա զինվորներն ո՞ւմ հրամանը կատարեն՝ հրամանատարի՞, թե՞ բանակում ծառայող հոգեւորականի: Այդ քաղաքացին կարծում էր, որ գնդերեցը հրամաններ է արձակում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment