«Ուժեղ Հայաստանը» հարյուրավոր խախտումներ է արձանագրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուժեղ Հայաստանը» հարյուրավոր խախտումներ է արձանագրել հունիսի 7-ին երկրում ընթացող խորհրդարանական ընտրությունների քվեարկության և ընտրությունների նախապատրաստման ընթացքում։

Ըստ քաղաքական ուժի ներկայացուցիչ, իրավաբան Գոհար Մելոյանի, «Ուժեղ Հայաստանը» հաշվառում է քաղաքացիների մասնակցությունը և տվյալները կհայտնի յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Ժամը 10:30-ի դրությամբ քվեարկել է 187 917 քաղաքացի, ինչը ոգևորիչ թիվ է։

Միևնույն ժամանակ, բազմաթիվ խախտումներ են գրանցվել։ Դրանց թվում են «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանց մուտքը տեղամաս արգելելու փորձերը, էլեկտրականության բացակայությունը, չաշխատող սարքերը, ցուցակում և սարքում ընտրողների համարների անհամապատասխանությունը. վերջին երկու խախտումը սարքի աշխատանքին միջամտելու կասկածի հիմք են տալիս, և եթե խախտումները շատ լինեն, փորձաքննություն կպահանջվի։

Մելոյանը նշել է, որ թիվ երեք քվեաթերթիկն այնպես է տպված, որ խոտանվածի տեսք ունի, իսկ ծրարները թափանցիկ են, ինչը խախտում է քվեարկության գաղտնիությունը։ Երեկ հարյուրավոր հաղորդումներ են ստացվել ընտրատեղամասերի կահավորման հետ կապված խախտումների վերաբերյալ, օրինակ՝ կան հավելյալ տեսախցիկներ, որոնք «Ուժեղ Հայաստանի» պահանջով կնքվել են։ Հաղորդվում է նաև մարդկանց վախեցնելու փորձերի մասին, թե նրանց կհետևեն, կամ ստիպում են դուրս հանել թիվ 3 քվեաթերթիկը՝ ապացուցելու համար, որ դրա օգտին չեն քվեարկել։ Մելոյանը քվեաթերթիկներով լի քվեատուփի տեսանյութ է ցույց տվել և հիշեցրել, որ չի կարելի լուսանկարել կամ դուրս հանել քվեաթերթիկները։ Եղել են բաց քվեարկության դեպքեր։

Իրավաբանը հայտարարել է, որ իշխանությունները դիմել են խախտումների, քանի որ գիտեն՝ լեգիտիմ ճանապարհով պարտվելու են։ «Ուժեղ Հայաստանի» ընտրողների ավելի քան 1 միլիոն ձայնը չեն կարող կեղծել, ընդգծել է Մելոյանը։

News.am

Leave a comment