«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը

Քաղաքականություն

07.06.2026 | 13:21

«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս քաղխորհրդի նիստ չի գումարել՝ որոշելու՝ դիմելո՞ւ է վարչական դատարան, թե՞ ոչ։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց կուսակցության անդամ Հայկ Սահակյանը։

Հիշեցնենք, որ երեկ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, իսկ դիմումը չբավարարելու դեպքում՝ նույն պահանջով դիմել Վարչական դատարան, սակայն ԿԸՀ-ն դիմումը հունիսի 6-ին մերժել է։ Այս որոշումը կարող է բողոքարկվել եռօրյա ժամկետում, սակայն մինչև այս պահը, փաստորեն, դիմում ներկայացրած կուսակցությունը չի որոշել՝  բողոք ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ։

 

Մեր հարցին՝ արդյո՞ք կուսակցությունը սպասում է ընտրությունների արդյունքների նախնական ամփոփմանը՝ որոշելու Վարչական դատարան դիմելու հարցը, Հայկ Սահակյանն ասաց՝ մեր դիտարկումն իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ դիմումը ներկայացրեց այն բանից հետո, երբ հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ արեց դիմել ԿԸՀ: 

 

Արաքս Մամուլյան

Leave a comment