«ՀՀ-ն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհետ կորած անձանց խնդրի հետ, նրանցից շուրջ 777-ն անհետ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից, մյուս հայրենակիցներն անհետ կորած են համարվում 2020 թ․ և դրանից հետո իրադարձություններից հետո։ Ակնհայտ է, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է»,- «Անհետ կորած անձանց ճակատագիրը» համաժողովի բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետը։
Պնդում է, թե ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն, այդ թվում՝ անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության հանդեպ։ «Մարդիկ կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան գիտի և չի ասում»,- նշեց Փաշինյանը։ Վստահեցնում է, թե միջազգային ամենաբարձր մակարդակներում հարցը քննարկելու արդյունքում չունի այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնի է պահում և չի կիսում անհետ կորած անձանց հարազատների հետ։
Հարցի շուրջ անվստահություն կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև․ փոխադարձաբար երկրները մտածում են, որ մեկն ունի տեղեկատվություն, որը չի կիսում մյուսի հետ։