Սուրբ Գևորգ եկեղեցում, թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ երեկ կատարվեց հերթական միասնական ժամերգությունը:
Թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ ժողովուրդը համախմբված այս գողտրիկ տաճարում՝ միասիրտ իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված, որ Տերը կզորացնի կամքը և կլուսավորի ընթացքը կյանքի ճանապարհին։
Ներկաներն աղոթք բարձրացրեցին անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը:
Տեր Ղևոնդը հույս հայտնեց, որ շուտով արդարություն կլինի ու Սրբազան Հայրերն ազատության մեջ կկարողանան իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված։
««Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ, իսկ հավատքով շարժվողն ընդունելի է Նրան», Առակաց 12:22: Այս է մեզ պատգամում Ավետարանը:
Կա չարիք, որը ոչ միայն հենց իր համար է չարիք, այլև ուրիշների, և այդ շարքից է սուտ վկայությունը: Նմանատիպ մարդկանց մեջ ոճրագործության չափը կրկնապատկվում է, որովհետև սուտ վկայություն տվողն իրեն կամովին չարքին է մատնում ու ուրիշներին քաշում դրա մեջ։ Սուտ վկայությունը վնասում է դիմացինին՝ ենթարկելով տանջանքի:
Ամեն ինչին ժամանակ կա, սա էլ կանցնի, ոչինչ, մեր հոգևոր հավատքը անկոտրում է։ Ինձ համար շատ կարևոր է հայրենիքիս խաղաղությունը, ինչպես նաև հոգևոր ազատությունը։ Իմ հայրենիքը պետք է շեն լինի, ազատ հավատքով ապրի։ Ուզում եմ իմ Առաջնորդ Սրբազան Հոր, ինչպես նաև մյուս հոգևոր ծնողներին աղոթքով ձեզ գլխավորելիս տեսնենք, ազատության մեջ: Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…»:
Միասնական ժամերգությունն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:
Արագածոտնի թեմի հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: