Այս ամիս լրանում է 5 տարին այն օրվանից, երբ Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ և ջանքերով հիմնադրվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ – HFC Armeniaa, որը տարիների ընթացքում կենսական նշանակության աջակցություն է ցուցաբերել ավելի քան 4200 երեխայի՝ ստանալով ավելի քան 120,000 նվիրատվություն՝ դառնալով տարածաշրջանի ամենահեղինակավոր ու վստահելի հիմնադրամներից մեկը:
Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ հիմնադրամի 5-ամյակի առթիվ իմ հրավերով հունիսի 8-ին Հայաստան կժամանի ձեռնարկատեր-բարեգործ, ասորական Բադավի թագավորական տան ներկայացուցիչ արքայազն Դանի գլխավորած պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում են՝ աշխարհահռչակ երգիչ, «Գրեմմի» մրցանակակիր Մոհոմբին (Mohombi), ամերիկացի երաժշտական պրոդյուսեր, երգահան և «Գրեմմի» մրցանակակիր Ֆերնանդո Գարիբայը, որը հայտնի է իր համագործակցությամբ Լեդի Գագայի, Ուիթնի Հյուսթոնի, Բրիթնի Սփիրսի, Շակիրայի, Սնուփ Դոգի, Բրունո Մարսի, Էնրիկե Իգլեսիասի, Ռիկի Մարտինի, Սթինգի, Վիզ Խալիֆայի և բազմաթիվ այլ համաշխարհային աստղերի հետ:
Հայաստան կժամանի նաև ժամանցային արդյունաբերության ազդեցիկ ղեկավար և պրոդյուսեր, Գարիբայի Հանրային դիվանագիտության ինստիտուտի նախագահ Ռոնալդ Գաննելը, ինչպես նաև ձեռնարկատեր և նորաձևության դիզայներ Թիֆընի Սեսիլի Վան Բեքը։
Պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ հիմնադրամի հնգամյա գործունեությանը, քաջալերել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի մարդասիրական առաքելությունը, հանդիպել հիմնադրամի աջակցությունը ստացած երեխաներին, ինչպես նաև քննարկել ապագա հնարավոր համագործակցություններ՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանն ու բարեկեցությանը։