Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ



Սպորտ



2026 թվականի մայիսի 28-ից հունիսի 3-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել են երկար նարդու աշխարհի առաջնությունը և կարճ նարդու Վրաստանի Գրան պրին։

Մրցաշարում Հայաստանը գրանցել է նշանակալի հաջողություններ․ երկար նարդու աշխարհի առաջնության գլխավոր մրցաշարում Ռազմիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սերգեյ Դրմոյանը կարճ նարդու մեկ միավորանոց մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի։

Մրցումներն անցկացվել են Hualing Hotels & Preference հյուրանոցային համալիրում՝ համախմբելով աշխարհի 60 երկրներից ավելի քան 500 մարզիկի։ Երկար նարդու աշխարհի առաջնությունը դարձել է այս մարզաձևի պատմության մեջ ամենախոշոր միջազգային մրցաշարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով նարդու նկատմամբ աճող հետաքրքրությունը և նոր էջ բացելով դրա զարգացման գործում՝ որպես ինքնուրույն մարզաձև։

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ Նարդու միջազգային ֆեդերացիայի (IBF) նախագահ Ումար Կրեմլևի մասնակցությամբ։ Վերջինս իր խոսքում կարևորել է ինտելեկտուալ մարզաձևերի զարգացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, մրցանակակիրներին և միջազգային հեռարձակումներին հետևած հանդիսատեսին՝ այս մրցաշարի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար։ IBF-ի ծրագրերում է յուրաքանչյուր եռամսյակ անցկացնել մայրցամաքային մրցաշարեր, երկու տարին մեկ՝ աշխարհի առաջնություն, իսկ ապագայում՝ նաև սեղանի խաղերի օլիմպիական խաղեր։ Մենք ցանկանում ենք, որ նարդի խաղան յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր ընտանիքում և յուրաքանչյուր երկրում, որպեսզի այս խաղը միավորի մարդկանց ամբողջ աշխարհում», – նշել է Ումար Կրեմլևը։

Մրցաշարի կազմակերպիչը Նարդու միջազգային ֆեդերացիան (IBF) էր։





Leave a comment