Հայաստանի մարտահրավերները չափազանց լուրջ են, որպեսզի դրանք քննարկվեն անձնական հակակրանքների և քաղաքական պիտակների լեզվով. «Փաստ»

Հայաստանի քաղաքական և հանրային կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկը վերջին տարիներին դարձել է ոչ միայն քաղաքական բովանդակության ճգնաժամը, այլև կառուցողական երկխոսության, առողջ քննարկման և բանավեճի մշակույթի բացակայությունը։ Եթե որևէ հասարակության զարգացման մակարդակը կարելի է չափել նրա տնտեսությամբ, պետական ինստիտուտներով կամ անվտանգության համակարգով, ապա ոչ պակաս կարևոր ցուցիչ է նաև հանրային դիսկուրսի որակը, քանի որ հենց հանրային դիսկուրսն է ձևավորում քաղաքական որոշումների միջավայրը, հասարակական տրամադրությունները, քաղաքացիների քաղաքական գիտակցությունը և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությունները։

Այդ առումով Հայաստանը շարունակում է գտնվել բավականին մտահոգիչ իրավիճակում, քանի որ հանրային քննարկումների մեծ մասը հեռու է բովանդակային, փաստարկված և կառուցողական բնույթից, իսկ քաղաքական պայքարը հաճախ վերածվում է փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների, պիտակավորումների և անձնական թշնամանքի հարթակի։ Քաղաքական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները միշտ չէ, որ ուղեկցվում են քաղաքական մշակույթի համապատասխան զարգացմամբ։ Ընդհակառակը, ներքաղաքական դաշտում աստիճանաբար ամրապնդվում են այնպիսի երևույթներ, որոնք ոչ միայն չեն նպաստում հանրային համերաշխության ձևավորմանը, այլև խորացնում են հասարակության ներսում առկա բաժանարար գծերը։

Վերջին տարիներին քաղաքական պայքարը հաճախ կառուցվել է ոչ թե գաղափարների, ծրագրերի, ռազմավարությունների կամ քաղաքական առաջարկների շուրջ, այլ անձերի նկատմամբ վերաբերմունքի հիման վրա։ Քաղաքական հակառակորդը շատ դեպքերում ներկայացվում է ոչ թե որպես այլընտրանքային տեսակետ ունեցող քաղաքական դերակատար, այլ որպես թշնամի։ Այդ գործընթացը դարձել է քաղաքական տեխնոլոգիաների կարևոր բաղադրիչներից մեկը։ Թե ով է դա ավելի շատ կիրառում, առանձին խոսակցության թեմա է, հիմա, հաշվի առնելով «լռության օրվա» գործոնը, զերծ կմնանք անուններ տալուց: Այս պարագայում կարևորը գլոբալ խնդիրն է: Քաղաքական դիսկուրսում ավելի հաճախ կարելի է հանդիպել պիտակավորման, սևացման, նվաստացման, վիրավորանքի և հանրային հեղինակազրկման փորձերի, քան բովանդակային քննարկումների։ Սա վտանգավոր միտում է, քանի որ առողջ ժողովրդավարության հիմքում ընկած է ոչ թե բոլորի համաձայնությունը, այլ անհամաձայնության քաղաքակիրթ կառավարումը։ Ժողովրդավարությունը չի ենթադրում, որ հասարակության բոլոր անդամները պետք է ունենան նույն կարծիքը։

Ընդհակառակը, ժողովրդավարությունը ենթադրում է տարբեր կարծիքների գոյություն, սակայն այդ տարբերությունները պետք է քննարկվեն փաստարկների, գաղափարների և ծրագրերի լեզվով։ Երբ քաղաքական դաշտում փաստարկը փոխարինվում է վիրավորանքով, գաղափարը՝ պիտակով, իսկ ծրագրային խոսքը՝ անձնական թշնամանքով, հասարակությունը կորցնում է իր զարգացման կարևորագույն մեխանիզմներից մեկը։

Այս խնդիրը հատկապես տեսանելի է դառնում նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում։ Ընտրությունները ժողովրդավարական համակարգերում պետք է լինեն գաղափարների մրցակցության կարևորագույն հարթակ։ Քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց տնտեսական, արտաքին քաղաքական, սոցիալական, կրթական, անվտանգության և կառավարման ծրագրերը, բացատրեն դրանց իրագործման մեխանիզմները և համոզեն քաղաքացիներին իրենց առաջարկների արդյունավետության մեջ։

Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլև կրթական համակարգը, լրատվամիջոցները, փորձագիտական համայնքը և քաղաքացիական հասարակությունը։ Բանավեճի մշակույթը ձևավորվում է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ամբողջ հասարակության ներսում։ Եթե դպրոցներում, համալսարաններում, լրատվական հարթակներում և հանրային քննարկումներում խրախուսվեն փաստարկված խոսքը, քննադատական մտածողությունը և տարբեր կարծիքների նկատմամբ հարգանքը, ապա ժամանակի ընթացքում կձևավորվի նաև ավելի առողջ քաղաքական միջավայր։

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները չափազանց լուրջ են, որպեսզի դրանք քննարկվեն անձնական հակակրանքների և քաղաքական պիտակների լեզվով։ Անվտանգության, տնտեսության, ժողովրդագրության, կրթության, տեխնոլոգիական զարգացման, արտաքին քաղաքականության և պետական կառավարման խնդիրները պահանջում են բարձրակարգ մասնագիտական քննարկումներ, ռազմավարական մտածողություն և երկարաժամկետ տեսլական։ Այդ խնդիրները հնարավոր չէ լուծել աղմուկով, փոխադարձ վիրավորանքներով կամ թշնամանքի մթնոլորտում։ Դրանք պահանջում են հասուն քաղաքական մշակույթ և առողջ հանրային դիսկուրս։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment