Քաղաքականություն
05.06.2026 | 22:19
Եվրամիությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը դիտարկում է որպես Ադրբեջանում առանցքային ներդրումային նախագծերից մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Վիկտոր Բոժկովը։
Նա նշել է, որ երկաթուղին երկար ժամանակ անմխիթար վիճակում էր։ Բոժկովը հայտնել է, որ վերջերս այցելել է Նախիջևան և փորձագետների խմբի հետ միասին ստուգել Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային հատվածը։
«Մենք այս երթուղով անցանք գործող գնացքով՝ շարժվելով մոտավորապես 20 կմ/ժ արագությամբ։ Մոտավորապես 20 կիլոմետրը հաղթահարելու համար մեզնից պահանջվեց շուրջ երեք ժամ»,- նշել է նա։
ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ մասնագետները ներկայում վերլուծում են գծի տեխնիկական վիճակը, անհրաժեշտ ներդրումների չափը, հնարավոր վերականգնման մեխանիզմները և նախագծի մոտավոր արժեքը։
«Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ երկաթուղային ենթակառուցվածքը, ընդհանուր առմամբ, բավարար վիճակում է։ Ստուգման ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են կամուրջների, անցումների և Արաքս գետի երկայնքով գտնվող երկաթուղային հատվածի վիճակը՝ պետական սահմանին մոտ։ Նախիջևանի երկաթուղու վերականգնման այս նախագիծն ազգային նշանակություն ունի և համարվում է առաջնահերթ ներդրումային ոլորտներից մեկը»,- ընդգծել է Բոժկովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի