«Ֆինանսական տեսանկյունից առավել մեծ կարողություն ունի ՔՊ-ն և նա մեծ առավելություն է ստանում մյուսների նկատմամբ»․ Սոնա Այվազյան

«Ըստ ֆինանսական կարողությունների՝ 2025-ի համար ՔՊ-ի կարողություններն ամենամեծն են․ 774 միլիոն դրամի գումարի եկամուտ է արտացոլված հաշվետվությունում, երկրորդ տեղում ՀՅԴ-ն է, որի մոտ 7 անգամ քիչ են գումարները»,- «Մեդիա կենտրոնում» «Ականատես» դիտորդական առաքելության նախընտրական փուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Նաև փաստեց՝ մի շարք կուսակցություններ ներկայացրել են զրոյական հաշվետվություն, որը խիստ կասկածելի է, քանի որ դրանցից որոշներն ակտիվ քարոզչություն են անում դեռ անցյալ տարվանից սկսած և նաև իրականացնում են ոչ իրենց անունից․ «Կան կուսակցություններ, որոնք որոշել են թաքցնել իրենց ծախսերը։ Ֆինանսական տեսանկյունից առավել մեծ կարողություն ունի ՔՊ-ն և նա մեծ առավելություն է ստանում մյուսների նկատմամբ։ Միևնույն ժամանակ ՔՊ-ի ֆինանսները շատ ավելի թափանցիկ են, քան մնացած ուժերինը։ Բանկային հաշիվներին կատարված ամենամեծ նվիրատվությունները եղել են «Ուժեղ Հայաստանի» դեպքում, նրան հաջորդել է ՔՊ-ն, այնուհետև «Հայաստան դաշինքը» և հետո ԲՀԿ-ն։ Ինչ վերաբերում է նախընտրական հիմնադրամ մուծումներին՝ առաջին տեղում է ՔՊ-ն, հետո «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան դաշինքը» և ԲՀԿ-ն»։

Սոնա Այվազյանը նաև նշեց, որ 7 քաղաքական ուժ իրենց նախընտրական ծրագրերը չեն հրապարակել ԿԸՀ կայքում։ Այդ 7-ից 4-ն իրենց կայքերում հրապարակել են ծրագրեր, 3 կուսակցություն ընդհանրապես չունի ծրագիր։

«Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի իրավաբան Դավիթ Գյուրջյանի կարծիքով՝ այս ընտրությունները տարբերվում են ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման բազմաթիվ դեպքերով․ «Մեր դիտորդական առաքելությունը նույնպես նմանատիպ դեպքեր արձանագրել է։ Մենք ստացել ենք հաղորդումներ թե′ անանուն կարգով, թե նաև մեր դիտորդական կազմակերպության կողմից են համապատասխան տվյալներ փոխանցվել և ներկայացվել քրեական վարույթն իրականացնող մարմիններ։ Մեր արձանագրած հանցակազմին վերաբերող դեպքերը չորսն էին, որոնցից մեկը արձանագրվել է Կապանում, մյուսը վերաբերել է «Ուժեղ Հայաստանին», որի վերաբերյալ է ստացվել հաղորդում, մյուսը վերաբերում է ԲՀԿ-ին, մյուս դեպքը ՔՊ-ի մասնակցությամբ է․ խոսքը Բագրատաշենի մաքսատան ղեկավարության կողմից ընտրողներին որոշակի առավելություններ խոստանալու դեպքերին է վերաբերում։ Դրա մասին նույնպես հաղորդում ներկայացվել է, քրեական վարույթի հարուցումը մերժվել է, և բողոքարկել ենք գլխավոր դատախազություն։ Մի շարք դեպքեր վերաբերել են քարոզչությանը հարկադրելուն, ինչպես նաև հավաքներին մասնակցելուն հարկադրելու առերևույթ գործողություններին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment