Իրանն ու Միացյալ Նահանգները վաղը առավոտյան Օմանի մայրաքաղաք Մասղաթում կվերսկսեն իրենց բանակցությունները։ Դրանք կանգ էին առել Իրան–Իսրայել հունիսյան 12-օրյա պատերազմից և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային կենտրոնների ռմբակոծումից հետո։
Փորձագետների կարծիքով՝ Իրանի միջուկային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնները այդ հարվածներից մեծ վնաս են կրել, սակայն Թեհրանը դեռևս հնարավորություն ունի ուրան հարստացնել և ցանկության դեպքում գնալ ատոմային ռումբի պատրաստման և փորձարկման։ Անվնաս է մնացել ԻԻՀ-ի կուտակած 440 կգ 60 տոկոս հարստացված ուրանը, ինչը մտահոգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ինչպես նաև Իսրայելին, ԱՄՆ-ին և մի շարք այլ երկրների։
Իրանի միջուկային հնարավորությունների զարգացումն ավելի քան քսան տարի է, ինչ մտահոգում է արևմտյան աշխարհին և Միավորված ազգերի կազմակերպությանը։ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Եվրամիությանը 2015 թ․ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում հաջողվեց Իրանի հետ ստորագրել միջուկային հնարավորությունների սահմանափակման համապարփակ ծրագիր։ Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին ժամկետում՝ 2018 թ․, ԱՄՆ-ի ստորագրությունը հետ վերցրեց այդ ծրագրից՝ այն համարելով ոչ բավարար, հատկապես որ ԻԻՀ-ի հրթիռաշինության ծրագրի սահմանափակումը ևս ներառված չէր։
Դրանից հետո սկսվեց բանակցությունների նոր շրջան։ Իրավիճակը որոշակիորեն մեղմացավ նախագահ Բայդենի ժամանակ, մինչև սկսվեց Թրամփ-2 ժամանակաշրջանը։
Իրանցիները վարպետ են բանակցությունների ձգձգման և ժամանակ շահելու գործում։ «Մենք չենք բանակցի, բայց պատերազմ էլ չի լինի»․ սա եղել է ԻԻՀ-ի առաջնորդ Խամենեի շուրջ 20-ամյա կարգախոսը, որն աշխատեց մինչև 2025-ի հունիսը։ Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելն այլևս պատրաստ չեն Իրանի խաղի կանոններով շարժվել և կտրուկ քայլերի են պատրաստվում։
ԻԻՀ-ն ունի երկու հզոր հովանավոր՝ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են և միջուկային տերություններ։ Սա բարդ իրավիճակ է ստեղծում, և կարծիք կա, որ այդ երկու երկրները Իրանը հեշտությամբ չեն հանձնելու Արևմուտքին։
Իրանը հմտորեն օգտագործում է գերհզոր պետությունների, ինչպես նաև ԱՄՆ–Եվրոպա, Իսրայել–Թուրքիա, Իսրայել–ԱՄՆ–արաբական երկրների միջև առկա հակասությունները։ Թուրքիայի վերջին շաբաթների ակտիվ ներգրավվածության ֆոնին ձևավորվել էր կարծիք, որ ԱՄՆ–ԻԻՀ հերթական բանակցությունները տեղի կունենան Անկարայում, և որպես դիտորդ կմասնակցեն նաև մի քանի հարևան երկրներ ու Եգիպտոսը։ Այդ երկրների խումբը նախապես ԱՄՆ-ին խնդրել էր, որ ռազմական միջամտության փոխարեն կրկին փորձի դիվանագիտական ուղիները։
Թեհրանը հայտարարեց, որ դեմ է այդ ձևաչափին և նախընտրում է, որ բանակցությունները, ինչպես նախկինում, տեղի ունենան Օմանում։ Վաշինգտոնը համաձայնեց։ ԻԻՀ-ն նախընտրում է, որ ԱՄՆ-ի հետ հանդիպումները լինեն լրագրողների աչքից հեռու և նախորդ փորձերից ելնելով՝ նախընտրում է փակ համակարգ ունեցող Օմանը։
Ծայրահեղական իրանցիները, հավատարիմ իրենց հեղափոխության առաջնորդի «ԱՄՆ-ն մեծ սատանա է» ձևակերպմանը, խնդիր ունեն ամերիկացիների հետ ուղղակի շփման հարցում։ Նրանք տարիներ շարունակ ձևացնում են, թե ամերիկացիների հետ ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված ձևով են բանակցում։ Հենց այդ պատճառով էլ Օմանը նրանց համար նախընտրելի հարթակ է։
Վաշինգտոնը շուրջ մեկ ամիս է փորձում է հակաիրանյան իր նոր արշավին ներգրավել նաև Իրանի հարևան և Ծոցի երկրներին, որպեսզի նրանք համոզվեն, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններից առաջ փորձել է նաև բոլոր խաղաղ միջոցները։ Բանակցությունների սեղանի շուրջ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Քաթարի և Պակիստանի ներկայությունը ևս պետք է դիտարկել այդ համատեքստում, ինչը Թեհրանը ձախողեց։
Ըստ երևույթին՝ ԱՄՆ-ն բանակցությունների համար առաջարկում է չորս կետ․
60 տոկոս հարստացված ուրանի հանձնում և հարստացման տեխնոլոգիայի կասեցում,
արտադրվող հրթիռների շառավղի սահմանափակում՝ մինչև 400–600 կմ,
ներկայացուցչական (պրոքսի) ուժերի լուծարում,
ընդդիմադիր զանգվածների հալածանքների դադարեցում։
Վերջին կետը նոր է ավելացվել Վաշինգտոնի պահանջներին․ պատճառը իրանցի ընդդիմադիրների դժգոհությունն ու հիասթափությունն է ԱՄՆ-ից։ Կա նաև կարծիք, որ հեռահար բալիստիկ հրթիռների ոչնչացման պահանջը Իսրայելի երկարամյա խնդրանքն է ԱՄՆ-ին, քանի որ ԻԻՀ-ն իր 2000 կմ շառավղով հրթիռներով կարող է հարվածել հրեական քաղաքներին։
Թեհրանը հայտարարել է, որ Մասղաթ է մեկնում բանակցությունների օրակարգի միայն մեկ կետով՝ միջուկային տեխնոլոգիաների հարցով, որի դիմաց ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները։
Ուրբաթ՝ փետրվարի վեցը, գերզգայուն օր է լինելու Իրանի և ԱՄՆ-ի համար։ Չի բացառվում, որ Թրամփը վերջնականապես հուսահատվի բանակցություններից և ռմբակոծման հրաման արձակի։
Իրանցիները ևս շատ զգուշավոր են և իրենց Իսլամական պետության հիմնադրի հորդորը ականջի օղ են արել․ «Իսլամական Հանրապետության պահպանումն ավելի կարևոր է, քան մեկ անձի պահպանումը, նույնիսկ եթե դա լինի Ժամանակի Իմամը (Իմամ ալ-Ասրը), քանի որ Ժամանակի Իմամն ինքն էլ իրեն կզոհաբերեր հանուն Իսլամի» (Իմամ Խոմեյնի, 21 մարտի 1983 թ․)։
Տիգրան Դավուդյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: