«Ընտրողին ավելի հաճախ առաջարկվում էր ընտրություն վախերի, քան ծրագրերի միջև». Աստղիկ Ավետիսյան
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը սովորական ընտրական գործընթաց չէր։ Այն ընթանում էր բարձր բևեռացված քաղաքական միջավայրում, որտեղ հիմնական օրակարգերը խաղաղության գործընթացը, անվտանգությունը, արտաքին քաղաքական կողմնորոշումը, իշխանություն-ընդդիմություն հակադրությունն ու պետության ապագայի շուրջ քննարկումներն էին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը՝ արձանագրելով, որ ընտրություններն անցնում են չափազանց բևեռացված և էմոցիոնալ միջավայրում։
Քաղաքական հաղորդակցության տեսանկյունից Ավետիսյանը քարոզարշավը գնահատում է 6 միավոր՝ 10 առավելագույնից։ Նրա խոսքով՝ այն հաջող էր ուշադրություն գրավելու առումով, սակայն ոչ քաղաքական առաջարկների մրցակցության տեսանկյունից։
«18 քաղաքական ուժերից շատերը չկարողացան ձևավորել սեփական տարբերակիչ քաղաքական բրենդը։ Ընտրությունների հիմնական պայքարը փաստացի կենտրոնացած էր մի քանի խոշոր դերակատարների միջև, իսկ մնացած ուժերը հաճախ կորում էին տեղեկատվական աղմուկի մեջ»,- նշեց նա։
Աստղիկ Ավետիսյանի գնահատմամբ՝ հաղորդակցական առումով առավել հստակ դիրքավորում ունեին այն քաղաքական ուժերը, որոնք իրենց քարոզարշավը կառուցել էին մեկ հիմնական գաղափարի շուրջ։ Նա այդ տեսանկյունից առանձնացրեց «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայ ազգային կոնգրես»-ը՝ նշելով, որ այդ ուժերի հիմնական ուղերձները հեշտ էր ձևակերպել մեկ նախադասությամբ։
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, քաղաքական ուժերի մեծ մասի դեպքում դժվար էր հասկանալ, թե որն է նրանց տարբերակիչ կողմը մրցակիցների համեմատ։ Նրա խոսքով՝ երբ քաղաքական ուժի հիմնական ուղերձը հնարավոր չէ ձևակերպել մեկ նախադասությամբ, դա քաղաքական հաղորդակցության տեսանկյունից համարվում է դիրքավորման ձախողում։
Խոսելով ընտրողի հետ հաղորդակցության մասին՝ Ավետիսյանը նշեց, որ քաղաքական ուժերը հաճախ խոսում էին ոչ թե ընտրողի, այլ իրենց քաղաքական հակառակորդների հետ։ Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում գերակշռում էին աշխարհաքաղաքական թեմաները, խաղաղության պայմանագրի շուրջ բանավեճերն ու «դավաճան-փրկիչ» հակադրությունները, մինչդեռ աշխատավարձերի, գների, հարկերի, առողջապահության ու կրթության հարցերը երկրորդ պլանում էին։
«Եթե մեկ բառով բնութագրենք քարոզարշավի գերիշխող նարատիվը, ապա դա «վտանգն» էր, իսկ եթե մեկ նախադասությամբ՝ ընտրողին ավելի հաճախ առաջարկվում էր ընտրություն վախերի միջև, քան ընտրություն ծրագրերի միջև»,- ասաց նա։
Աստղիկ Ավետիսյանի դիտարկմամբ՝ քաղաքական ուժերի մեծ մասը ընտրողին փորձում էր մոբիլիզացնել ոչ թե քաղաքական առաջարկների, այլ հույզերի միջոցով։ Նրա խոսքով՝ իշխանությունը շեշտադրում էր կայունության և խաղաղության կորուստների ռիսկերը, իսկ ընդդիմությունը՝ անվտանգության, պետականության և ազգային շահերի վտանգները։
Անդրադառնալով հանրային ելույթներին և վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական բանավեճերին՝ նա նշեց, որ առավել ազդեցիկ էին այն թեկնածուները, որոնք ունեին բարձր ճանաչելիություն, կարողանում էին խոսել առանց գրավոր տեքստի և տիրապետում էին օրակարգին։ Այդ համատեքստում, ըստ փորձագետի, առանձնանում էին Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները։
Ըստ Ավետիսյանի՝ քարոզարշավի ընթացքում ընտրողին հասնելու ամենաարդյունավետ գործիքը սոցիալական մեդիան էր։ Նա նշեց, որ այս ընտրություններում քաղաքական պայքարը հիմնականում տեղափոխվել էր TikTok, Facebook, YouTube Shorts և Telegram հարթակներ, որտեղ առավել հաջող էին կարճ, պարզ և էմոցիոնալ հաղորդագրությունները։
Նրա խոսքով՝ երկրորդ ամենաարդյունավետ գործիքը դեմառդեմ հանդիպումներն էին, քանի որ դրանք հնարավորություն էին տալիս անմիջական կապ հաստատել ընտրողների հետ և ձևավորել վստահություն։
Անդրադառնալով առաջին համարների մասնակցությամբ եզրափակիչ բանավեճին՝ Ավետիսյանը նկատեց, որ այն բացահայտեց հայկական քաղաքական մշակույթի մի շարք առանձնահատկություններ։ Նրա գնահատմամբ՝ քաղաքական ուժերի մեծ մասը կենտրոնացած էր մրցակիցների քննադատության վրա, մինչդեռ սեփական քաղաքական առաջարկները հաճախ մնում էին երկրորդ պլանում։
Նա նաև ընդգծեց, որ առաջին համարներից շատերը հանդես էին գալիս ոչ թե որպես քաղաքական թիմերի առաջնորդներ, այլ որպես ազգային առաջնորդի հավակնորդներ, ինչը, ըստ նրա, վկայում է, որ հայկական քաղաքական համակարգը շարունակում է մնալ խիստ անհատականացված։
Ամփոփելով՝ Աստղիկ Ավետիսյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը բնութագրեց որպես «բարձր բևեռացված, անձնավորված և անվտանգայնացված ընտրարշավ՝ սահմանափակ ծրագրային մրցակցությամբ»։