«Մեկն ասում է X-ին պիտի ընտրեմ, մյուսն ասում է՝ X-ն ո՞վ ա, որ իրան ընտրեմ»․ զրույցներ Սպիտակի Խնամքի տանը

Հասարակություն

«Մեկն ասում է X-ին պիտի ընտրեմ, մյուսն ասում է՝ X-ն ո՞վ ա, որ իրան ընտրեմ»․ զրույցներ Սպիտակի Խնամքի տանը

Արդեն մի քանի շաբաթ է՝ Սպիտակի խնամքի տան հյուրասենյակի հեռուստացույցը լրատվական թողարկումների ու  նախընտրական քարոզարշավի ժամերին ավելի երկար է մնում նույն  հաճախականության վրա։   

«Ընտրած թեկնածու ունեմ, բայց գաղտնիք է, չհարցնես՝ չեմ ասի»,- զրույցը չսկսած՝ զգուշացնում է 45-ամյա Վ․ Ա․-ն։ Ասում է՝  ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին գիտի, ամեն օր հեռուստացույց է նայում, ելույթներին հետևելով էլ՝  «սեփական կարծիքն է ձևավորել թեկնածուների մասին»։

Առաջին անգամ է Սպիտակում ընտրելու․ երեք  տարի առաջ է տեղափոխվել Խնամքի տուն: Ասում է՝  նախկինում էլ  է իր քաղաքացիական պարտքը կատարել, քվեարկել  է Վանաձորում, որտեղ ապրել է։

Հայ ժողովրդի պատմությամբ է Վ․ Ա․-ն հետաքրքրվում, կարող է դրվագներ պատմել թե՛ հերոսական, թե՛ ողբերգական էջերից։ 

«Բայց եսիմ, պատմական լավ շրջան ասես չի եղել։ Միշտ պատերազմներ, պատերազմներ, հողերի հանձնում։ Մեր սխալ դիվանագիտությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ ուրիշ ազգերը չեն սիրել մեզ, չգիտեմ, բայց միշտ մեր հողերը տվել են ուրիշին։Եսիմ։», – շարունակում է նա։ 

Շատ կուզենար, որ Հայաստանը հզոր պետություն դառնար, բայց 3 մլն-ից քիչ բնակչությամբ այդ անհնար է թվում․ «Մեր պետությունը նավթով, գազով հարուստ չի։  Մենակ քարեր ունենք, ու մեկ էլ՝ աշխատավոր ազգ ենք։  Բայց  կարողանում ենք  քարերը առանձնացնել, հող մշակել ու յոլա գնալ»։

 Իր ակնկալիքներն է  ներկայացնում Հայաստանի հաջորդ վարչապետից․ «Այնպիսի մեկը լինի, որ դիվանագիտությունը ճիշտ բանեցնի, դրա տակից դուրս գա։ Եսիմ։ Լավ դաշնակիցներ պիտի ունենանք, որ ուժեղ պետություն դառնանք»։

Լրատվական թողարկումները բաց չթողնող  Վ․ Ա․-ն կարող է ասել՝ ԱԺ ընտրություններին մասնակցող որ թեկնածուն ինչ է խոստանում, բայց․ «Խոստանալը հերիք չի, անել է պետք»։  Մասնավորապես, կցանկանար՝ աշխատատեղերի մասին խոստումներն իրականություն դառնային, ինքն էլ՝ աշխատանք ունենար։

 Ցանկացած  պարագայում ու կարգավիճակում,  ընգծում է,  պետք է  ընտրության գնալ․ «Մենք  Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, պիտի գնանք մեր պարտքը կատարենք, ձայնը տանք նրան, ում որ ուզում ենք»։

Եղե՞լ է, որ Ձեզ ընտրակաշառք են առաջարկել․ «Եղել է՝ շուտ, էլ էդ  կուսակցությունը չկա»,- պատասխանում է նա, փակագծերը չբացելով ու չսպասելով հերթական հարցին, ամփոփում է զրույցը․ «Ուզում եմ՝ մեր պատմության սխալները չկրկնվեն։ Քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվենք, եսիմ․․․Որ լավ  ապրենք, եսիմ»։

56-ամյա Մ. Ա․-ն խոսակցության ընթացքում  դժվարությամբ է գտնում որոշ բառերի   հայերեն համարժեքները․ ռուսերենով ավելի հեշտ է  ստացվում։ Ադրբեջանի մայրաքաղաքում է ծնվել․ նրա ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 1990թ-ին՝ Բաքվում հայերի  ջարդերից ու բռնի տեղահանությունից հետո։ Համալսարանական կրթությամբ մաթեմատիկայի ուսուցիչ է, բայց մասնագիտությամբ ընդամենը երեք  տարի է աշխատել․ ասում է՝ աշխատավարձը շատ քիչ էր։ 10 տարուց ավելի Սպիտակի շինարարական ընկերություններից մեկում է աշխատել։ Լսել է՝  ուսուցիչների աշխատավարձը հիմա բարձրացել է, բայց ․ «Ես արդեն առողջություն չունեմ էդքան, որ ուսուցիչ աշխատեմ»։

10-ամյա կենտրոնի հնաբնակներից է․ ծնողների մահից անմիջապես  հետո տեղափոխվել է այստեղ, քանի որ․ «Մեր տունը  մինչեւ հիմա էլ կա, բայց ապրելու բան չի»։  

Հունիսի 7-ին  գնալու է ընտրատեղամաս, դեռ չի որոշել՝ ում է  ընտրելու։ «Հեռուստացույցով դիտում եմ, գիտեմ՝  Սամվել Կարապետյանն ա, Նիկոլ Փաշինյանն ա, Քոչարյանն ա, տարբեր մարդիկ են․․․Ծառուկյանն ա»,- թեկնածուներին է թվարկում։ 

Իսկ նախընտրական ծրագրերին ծանո՞թ եք՝  հարցնում եմ։ «Չէ, այդքա՜ն քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում»,- ծիծաղում է։  

Պատմում է, որ երբ կենտրոնի  բնակիչներով միասին լուրեր են նայում, հյուրասենյակից կարող են բարձր ձայներ հնչել․ «Մեկն ասում է X-ին պիտի ընտրեմ, մյուսն ասում է՝  X-ն ո՞վ ա, որ իրան ընտրեմ․․․ Ըտենց բաներ»։  

Բայց այնպես չէ, որ Խնամքի տան 17 բնակիչները միևնույն հետաքրքրությամբ են դիտում լրատվական թողարկումները կամ արձագանքում հեռուստացույցից հնչած խոսքին։ 

75-ամյա Ս. Ա․-ն ասում է՝ չգրված կանոնով ինքն հաճախ լռում է՝ չհայտնելով իր տեսակետն այս կամ այն քաղաքական ուժի  վերաբերյալ։

«Զգում եմ, որ չի կարելի։ Էս մեր ձևի հիվանդները (հոգեկան առողջության խնդիր ունեցողները-խմբ) ուրիշ  ձև են ընդունում․ ամեն մեկն  իր ասածը պիտի առաջ տանի»,- բացատրում է նա։  Տեսակետը չի ցանկանում փոխանցել նաև ձայնագրիչին, քանի որ համոզված է՝ ընտրություններն իրենց կյանքում ոչինչ չեն փոխելու․ «Մենք կախում ունենք   նախարարությունից»։ (Կենտրոնը ֆինանսավորում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը-Խմբ․)

Ոչ մի ակնկալիք չունե՞ք՝ կրկնում եմ հարցը․ «Ուզում եմ, որ Հայաստան կոչվող մեր երկրում ավելի շատ երեխաներ ունենան, քան դղյակներ կառուցեն»։

Ս․ Ա․-ն կենտրոնի այն շահառուներից է, որի անունը ընտրացուցակում չի լինի․ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ է ճանաչված, հետևաբար ընտրելու իրավունք  չունի։  

Չնայած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) բացմիցս առաջարկել է վերացնել հոգեկան առողջության հետ կապված ընտրական իրավունքի այս սահմանափակումները, առաջարկություններն առաջիկա ընտրություններին շարունակելու են մնալ չիրականացված։

Leave a comment