Ռուսաստանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային զենքի սահմանափակման պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն․ Axios

Քաղաքականություն

05.02.2026 | 23:07

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մոտ են փետրվարի 5-ին լրացող ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի (СНВ-III) փաստացի երկարաձգման վերաբերյալ համաձայնության հասնելուն, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ նախագիծը դեռ պետք է հաստատվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիում քննարկել են համաձայնագիրը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Փետրվարի 4-5-ը այնտեղ տեղի են ունեցել նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև պատերազմի ավարտի վերաբերյալ եռակողմ բանակցություններ։

ԱՄՆ անանուն պաշտոնյան Axios-ին ասել է, որ ժամկետը լրանալուց հետո պայմանագրի երկարաձգումն իրավաբանորեն ամրագրված չի լինի։

«Մենք համաձայնության եկանք Ռուսաստանի հետ գործել բարի կամքով և սկսել քննարկումներ համակարգի արդիականացման ուղիների վերաբերյալ»,- ասել է աղբյուրը։

Մեկ այլ աղբյուրի պնդմամբ՝ գործնականում կողմերը կհամաձայնեն պահպանել գործարքի պայմանները առնվազն վեց ամիս, որի ընթացքում բանակցություններ կվարվեն նոր համաձայնագրի շուրջ։

Հավելենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին լրացավ ԱՄՆ-Ռուսաստան Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (СНВ-III) ժամկետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment