Թրամփ. Փաշինյանը բացառիկ մարդ է, նա մեզ հետ աշխատեց` վերջ դնելու Բաքվի հետ հակամարտությանը

Պաշտոնապես մեկնարկել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի գործնական փուլը, որի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հատուկ ուղերձով՝ շնորհավորելով Հայաստանին և անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության ու տնտեսական համագործակցության հեռանկարներին։

Նա նշել է, որ ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանը բացառիկ մարդ է, որն աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը»:

«Հատուկ ողջույն Հայաստանում բոլորին՝ այս աներևակայելի ուրախալի առիթով, երբ պաշտոնապես մեկնարկում եք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Ես շատ հպարտ եմ դրանով։

Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը։ Ավելի քան 35 տարի այս հակամարտությունն անասելի տառապանքներ է պատճառել և շատերն են փորձել լուծում գտնել, բայց ձախողել են։ Բայց մենք դա արեցինք, և անցյալ տարի Սպիտակ տանը ստորագրեցինք պատմական խաղաղության համաձայնագիր։

Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և բոլորովին նոր՝ TRIPP զարգացման ընկերության մեկնարկով։ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ամբողջ տարածաշրջանում ապրանքների և էներգետիկ հոսքերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովել, որ այն ունենա մեծ, մեծ հաջողություն։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին և նրա պաշտոնակցին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ մեզ հետ աշխատելու և այս օրը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև ինձ մեծահոգաբար Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։

Կցանկանայի նաև հաջորդ տարի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Նա բացառիկ մարդ է և շատ լավ ընկեր։ Միասին կարող ենք քննարկել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղենք տարածաշրջանային խաղաղությունը և զարկ տանք մեր երկկողմ կապերին։

Միացյալ Նահանգները երբեք այսքան լավ ցուցանիշներ չի ունեցել, որքան հիմա։ Ներդրումների ծավալներն աննախադեպ են. հենց հիմա Միացյալ Նահանգներում ներդրվում է 22 տրիլիոն դոլար։ Երբեք չի եղել որևէ երկիր, որը նույնիսկ մոտ լինի ներդրումների նման ծավալի։

Եվ վերջում՝ չկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը, և ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար։

Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Շնորհավորում եմ։

Կեցցե՛ք, հիանալի աշխատանք եք կատարել»,-ասվում է ուղերձում:

ՀՀ և ԱՄՆ Կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» TRIPP նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկը հիրավի պատմական իրադարձություն է ՀՀ նորագույն պատմության մեջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ TRIPP-ն անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրին է, որը բացառիկ նշանակություն կունենա ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում:

Leave a comment