Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները. Ալեքսեյ Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում որևէ միջոցառում կիրառել Հայաստանի նկատմամբ, սակայն Հայաստանի՝ դեպի Եվրամիություն ուղղված ձգտումները, որն այսօր վերածվել է ռազմաքաղաքական միավորման, մտահոգություն են առաջացնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նախ՝ ոչ ոք չի ցանկանում, որ ԵԱՏՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ կոնկրետ միջոց կիրառվի։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է և բարեխղճորեն կատարում է միության շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ դա պատասխանատվությամբ ասել, քանի որ մենք մշտապես հետևում ենք Հայաստանի նորմատիվ-իրավական բազային՝ պարզելու, թե արդյոք կան շեղումներ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններից։ Եվ մենք նման շեղումներ չենք հայտնաբերել»,-նշել է նա։

Օվերչուկը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում հայտարարվում է եվրոպական չափանիշներին անցնելու ցանկության մասին։

«Սակայն ուզում եմ ընդգծել, որ եվրոպական բոլոր չափանիշները վատ չեն։ Այնտեղ եղել և շարունակում է լինել շատ դրական ու արժեքավոր բան։ Մեզ մտահոգում է այն, որ Եվրամիությունն այսօր փաստացի փոխակերպվել է այն տնտեսական ինտեգրացիոն միավորումից, որը մենք լավ գիտեինք և որը շատ օգտակար ու գրավիչ նախաձեռնություններ էր իրականացրել, դեպի ռազմաքաղաքական միություն։ Այդ միությունն այսօր մեր երկրի նկատմամբ դրսևորում է ոչ բարեկամական վերաբերմունք։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում․ ո՞ւր է շարժվում Հայաստանը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ ընթացքը, և ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ուղղությամբ շարժմանը»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment