Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացնում է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել Փաստերի ստուգման գործիքներով և մեթոդներով։
Սկզբում տրվում է պնդումն անողի պնդումը, ապա դրա ստուգումը։ Այնուհետև տրվում է ստուգման արդյունքում պարզված փաստը և այն համադրվում է պնդման հետ։ Բոլոր դեպքերում չէ, որ պնդումը կարող է ճիշտ կամ սխալ լինել․ որոշ դեպքերում ստուգման արդյունքում տրամադրում ենք բացատրություն կամ պարզաբանում։
- Ծայրահեղ աղքատության մասին
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն․
Պնդումը․ «Հայաստանի Հանրապետությունից, ըստ էության, ծայրահեղ աղքատությունը արմատախիլ է արված»։
ՀՀ ՎԿ ամենաթարմ տվյալներով, որոնք վերաբերում են 2024 թվականին, Հայաստանում ծայրահեղ աղքատ է բնակչության 0,6 տոկոսը կամ 18,5 հազար մարդ։
- Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի մասին
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն․
Պնդում Ա․ «Հայկական կապիտալը, որ թալանի միջոցով հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները, 18 թվից 6,6 միլիարդ դոլար հանվել է նրանց գրպանից և ուղղվել է պետական բյուջե։ Ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով և հարկային և այլ մեխանիզմներով 8 միլիարդ դոլարի գումար վերադարձվել է պետությանը»։
Պնդում Բ․ «Ապօրինի գույքի, համայնքային մեխանիզմով 2018 թվականից մինչև օրս 770 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ վերադարձվել են պետությանը»։
ՀՀ գլխավոր դատախազը մայիսին Ազգային ժողովում դատախազության նախորդ տարվա աշխատանքները ներկայացնելիս նշել է, որ 2020-2025 թվականների ընթացքում դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:
Ինչ վերաբերում է 2018-2019 թվականներին, ապա այդ ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենք չի եղել։ Այն ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլին։
- Աղքատության ցուցանիշի մասին
Նարեկ Կարապետյան, «Ուժեղ Հայաստան» դաշինք․ Պնդումը․ «Մեր երկրում այսօր 650 հազար մարդ ապրում է աղքատության մեջ»։
Աղքատության մասին ՀՀ վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալները վերաբերում են 2024 թվականին։ Մայիսի 26-ին հրապարակված տվյալներով՝ 2024 թվականին աղքատ է եղել Հայաստանի բնակչության 21,7 տոկոսը։
2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը, նույն ՀՀ ՎԿ տվյալներով, եղել է 3 միլիոն 76,2 հազար մարդ։ Դրա 21,7 տոկոսը կկազմի 667 հազար 535 մարդ։ Այսինքն Կարապետյանի նշած թիվը շատ մոտ է պաշտոնական թվին։
Գարիկ Հարությունյան