ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հարցը. Օվերչուկ
Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս անդամ երկրները մինչև դեկտեմբեր կքննարկեն միավորմանը Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հարցը, «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պայմանագրում անդամակցության կասեցման կամ անդամ պետության հեռացման մեխանիզմներ նախատեսված չեն, ուստի հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի իրավական տեսանկյունից։
Քննարկումները տեղի են ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվող լարվածության ֆոնին։ Մոսկվան և ԵԱՏՄ մյուս երկրները բազմիցս հայտարարել են, որ ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ-ին ինտեգրումը կարող են անհամատեղելի լինել՝ տնտեսական և մաքսային կանոնների տարբերությունների պատճառով։
Հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այդ հարցով հանրաքվեն հնարավոր կլինի միայն ԵՄ-ին պաշտոնական դիմում ներկայացնելու կամ թեկնածուի կարգավիճակ ստանալու դեպքում։