Հունիսի 7–ը կյանքի իրավունքի հանրաքվե է. Թևանյանի կինը ներկայացրեց ամուսնու ուղերձը

Բաժանորդագրվել

Անդրանիկ Թևանյանի խոսքով` Հայաստանը զնդան է նետված, ու բանալին հանձնված է Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կինը Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ ներկայացրեց ամուսնու ուղերձը։

«Շինծու մեղադրանքով կալանավորվել եմ, սակայն պետք է առաջին հերթին մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։ Մեր երկիրը զնդան է նետված, ու բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։ Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չի կարող ազատ լինել, ու պետք է ազատագրական պայքար մղենք՝ ձևավորելով հայկական իշխանություն։ Հունիսի 7–ը սովորական ընտրություն չէ, այլ հանրաքվե, անկախության և կյանքի իրավունքի հանրաքվե»,– ներկայացրեց Թևանյանի կինը՝ Էլմիրան։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք ունի և կկարողանա ընտրական գործընթացին մասնակցել ներկայացուցիչների միջոցով։

Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։

Leave a comment