Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.06.2026 | 19:41

«Իմ ընկալումները առավել են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության։ Եվ այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել է տնային կալանք խափանման միջոցով։

Նա ասաց, որ իր բաժին պատասխանատվությամբ շարունակելու է այդ պայքարը։

Հարցին, թե ինչու հենց այս փուլում դատարանը փոխեց խափանման միջոցը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել գործը քննած դատավորին։

«Մենք չենք դիմել խափանման միջոցի փոփոխության համար։ Ո՛չ տնային կալանքը, ո՛չ վարչական վերահսկողությունը և ո՛չ էլ այլ տարբերակներ մեզ համար ընդունելի չեն եղել։ Ես միշտ ասել եմ՝ պահանջում եմ արդարացում»,- նշեց նա։

Լրագրողների հարցին, թե արդյոք վերադառնալու է Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանեց, որ այդ հարցի վերաբերյալ դեռ վաղ է խոսել։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, նրա նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել է տնային կալանք խափանման միջոցով։ Նա անազատության մեջ էր գրեթե մեկ տարի՝ 2025 թվականի հունիսի 26-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment