«Մի պահ շատ ոգևորվեցին խուզարկություն անցկացնողները, չպատկերացրեցին` ինչ դիմումներ են»․ ի՞նչ է կատարվել ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակում

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ վաղ առավոտից խուզարկություններ էին անցկացնում ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի գրասենյակում, որտեղ տեղակայված է նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը։

Հովիկ Պետրոսյան

ՀՅԴ մարզային կոմիտեի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հովիկ Պետրոսյանն Aravot.am-ին պատմեց, որ առավոտյան ժամը 9-ին, երբ եկել է գրասենյակ, տեսել է շենքը ոստիկաններով շրջապատված։ Իսկ ներսում եղել են քննիչները, որոնք եկել էին խուզարկություն անցկացնելու։

Խուզարկությանը ներկա են եղել Հովիկ Պետրոսյանը ու գրասենյակի գործավարուհին։

Ժամը 9․00-ից մինչև 12․30-ն տևած խուզարկության արդյունքում տարել են մարզային կոմիտեի ու գործավարի համակարգիչները, աշխատանքային փաստաթղթեր, առգրավվել են անգամ ՀՅԴ-ի շարքերը մտնելու համար տված դիմումները։

«Ծիծաղելի է, որ իրենց հետ տարան հանձնաժողովի անդամների ցուցակները, որոնք հասանելի են բոլորին․ election.am կայքով կարող են տպել, վերցնել, բայց մեծ ոգևորությամբ առգրավվեցին։ Մի քիչ զավեշտալի էր նաև իմ անձնական նոթատետրը տանելը, որտեղ ընդհանուր գրառումներ եմ անում»,- ասաց Հովիկ Պետրոսյանը։

Նա նշեց, որ ի ուրախություն ՀՅԴ-ի՝ այս դժվարին օրերում կուսակցության շարքերը համալրելու ցանկություն ունեցողներ կան։

«Մի պահ չպատկերացրեցին՝ ինչ դիմումներ են, չգիտեմ ինչ ակնկալիքներ ունեին, երբ ասի՝ քաղաքացիների դիմումներ են, որոնք ցանկություն են հայտնել մտնել Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության, դրանք էլ առգրավվեցին, տարան։

Ես ու մեր գրասենյակի գործավարուհին հրաժարվել ենք իրենց հարցերին պատասխանել ու արձանագրության տակ ստորագրել։

Ես չգիտեմ իրենց գալու նպատակը ո՞րն էր, ինչո՞ւ խաթարեցին մեր նախընտրական շտաբի ու գրասենյակի աշխատանքը, բայց վստահ եմ՝ իրենց նպատակը չի արդարանալու․ առգրավվեցին փաստաթղթեր, որոնց աղբյուրները բաց են», -ասաց Հովիկ Պետրոսյանը։

Մեր զրուցակիցը համոզված է, որ այս ձևով խաթարում են իրենց բնականոն աշխատանքները, և սա անում են ընտրություններից երեք օր առաջ, երբ ամեն ժամը կարևոր է իրենց համար, ծանրաբեռնված աշխատում են։

Հովիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ մի հոգու ձերբակալել են․ Նա ՀՅԴ-ական Արամ Ստեփանի Դավթյանն է։ Ըստ ՀՅԴ-ականների, նա լրագրող է։

Խուզարկություններ անցկացրել են նաև ՀՅԴ անդամ, Հայաստան» դաշինքի թեկնածու Արա Նախշքարյանի բնակարանում։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment