ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմուն

«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստացել Սիսիանի համայնքապետարանից։ Նիկոլ Փաշինյանի օգտին քվերակությունը վերահսկելի դարձնելու համար չորս տասնյակից ավելի պետական աշխատողների ընտրատեղամասերը փոխվել են։

Սիսիանի համայնքապետարանի ենթակա կառույցների, մասնավորապես՝ կոմունալ բաժնի աշխատակիցներին զգուշացվել է, որ պետք է աջակցեն և քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, հակառակ դեպքում աշխատավայրում խնդիրներ կունենան։

Ենթադրաբար ՔՊ-ի օգտին քվեարկությունը վերահսկելի դարձնելու համար Սիսիանի կոմունալ բաժնի պետ, կարկառուն ՔՊ-ական Դավիթ Մարգարյանը կոմունալի շուրջ 43 աշխատակցի ընտրատեղամասը Սիսիանից տեղափոխել է տվել Լոր գյուղի միջնակարգ դպրոց։ Որոշ աշխատակիցների ասել են, թե «էքսկուրսիա» է կազմակերպվում, որտեղ էլ նրանք կկատարեն իրենց քվեարկությունը։

Զարմանալի զուգադիպությամբ Լոր գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հենց կոմունալ բաժնի պետ Դավիթ Մարգարյանն է, տեղեկությունը ճշտված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

«Բայց ամենահետաքրքիրը սկսվում է այստեղ։ Մեզ հաջողվել է կապ հաստատել կոմունալ բաժնի մի շարք աշխատակիցների հետ։ Իսկ այժմ փաստերով։

Կոմունալ բաժնի պետը լսելով, որ լրագրող է իրեն զանգել, շփոթմունքի մեջ է ընկնում, սկզբում հաստատում է Լորում հանձնաժողովի նախագահ լինելու փաստը, ապա հերքում։

Դավիթ Մարգարյանը ստում է, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում սեւով սպիտակի վրա գրված է՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից հանձնաժողովի նախագահ։

Leave a comment