Ձեզ մեղավոր չե՞ք զգա, եթե Օսիպյանին մի բան պատահի. Փաշինյանը չմեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Factor TV-ի այն հարցին, թե արդյոք իրեն մեղավոր չի զգա, եթե 17 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանին որևէ բան պատահի։ «Չեմ մեկնաբանում»,- ասաց Փաշինյանը, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ շրջում էր մազահամերգային համալիրում և ծանոթանում ցուցադրված զինտեխնիկային։

Նշենք, որ այսօր էլ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, ասաց, որ այս շաբաթ այցելել են Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ ծանոթացել են նաև հացադուլ հայտարարած անձանաց վիճակին, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի։

«Իր վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել չեմ կարող, դա նաև բժշկական գաղտնիք է ենթադրում, բայց պաշտոնապես կստանանք պատասխան, քանի որ անձը հետագայում մեզ դիմում է հասցեագրել»,- ասաց ՄԻՊ-ը։

Մեր այն հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է վարչապետի հետ քննարկել Օսիպյանի պահանջը (ակտիվիստը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից), Մանասյանը պատասխանեց, որ դա դուրս է իր լիազորությունների շրջանակից․ «Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ չի մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը: Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ է մտնում պետության կողմից հացադուլի վարման ընթացքին հետևելը, բժշկական պատշաճ հսկողության իրականացման մոնիթորինգը և անհրաժեշտության դեպքում խախտումներ արձանագրելը»։

Հավելենք նաև, որ Արթուր Օսիպյանը երեկ ուղերձ է հղել կալանավայրից։ «Ինձ կալանավորելու հիմնական պատճառն այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից՝ ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում նրան կախաղան հանեն։ Հետևաբար, գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար և թափանցիկ, քանի որ ընտրողներն էլ իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը և հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը»,- ասվում է Օսիպյանի ուղերձում, որը հրապարակել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, որից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Արցախցի գործիչը ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։ Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանը հայտարարել է, որ կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Փաշինյանը մայիսի 28-ին, պատասխանելով Factor TV-ի հարցին՝ արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ նա՛ պետք է ներողություն խնդրի։

Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան, որ դրանք անհամաչափ են և որ նա քաղբանտարկյալ է: Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment