ՊԵԿ-ը դիմել է Մայրապետյանի  հետ համագործակցած ընկերությանը սնանկ ճանաչելու համար

Քաղաքականություն

ՊԵԿ-ը դիմել է Մայրապետյանի  հետ համագործակցած ընկերությանը սնանկ ճանաչելու համար

Պետական եկամուտների կոմիտեն դիմել է դատարան՝ հետազոտությունների եւ դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու համար։ ՊԵԿ-ը հայցադիմումի համար 1 մլն դրամ պետական տուրք է վճարել։ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը «ԱՆԻԿՈՄ» ՍՊ ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է  նշանակել Հակոբ Ասոյանին:

 Հիշեցնենք, որ «Անիկոմ» ընկերությունը համագործակցում էր    շինարարական բիզնեսում հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ»-ի հետ։  

    Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությունը Երեւանի կենտրոնում հսկայածավալ շինարարություն է իրականացրել՝ 6000 քմ տարածքով։ Իսկ շինարարության ընթացքում իրացման գոտու բնակիչների անշարժ գույքերը գնահատել է «Անիկոմ» ՍՊԸ-ն։ Ըստ բնակիչների՝ գնահատումը կատարվել է շատ չնչին գներով։

  «Ի՞նչ օգուտ ուներ գնահատողը, օգուտը կառուցապատողն ուներ։ Այն ձեռնտու էր Սամվել Մայրապետյանին եւ այն անձին, ով կանգնած էր Սամվել Մայրապետյանի հետեւում»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը։ Նրա  եւ շենքի մյուս բնակիչների պայքարի արդյունքում Տերյան 23,  25 եւ Լալայանց 37 շենքերը չեն քանդվել՝ չնայած իրացման գոտին ճանաչվելուն։

  Վարդան Գերավետյանն անդրադառնալով ընկերությանը սնանկ ճանաչելու հայցադիմումին՝ նշեց, որ դա դիտմամբ է արվում, որ հետքերը վերացնեն․«Մտածում են ՝ ոնց անեն, որ հանցագործությունը կոծկեն»։

Նա հիշեց կոնկրետ իր բնակարանի գնահատումը, երբ գնահատողը ֆիզիկապես գտնվել էր ԱՄՆ-ում, բայց գնահատում էր արել, իսկ տնօրենին զրկել էին լիցենզիայից։

  Բնակիչները բազմաթիվ անգամներ  հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, սակայն լուրջ հաջողությունների չէին հասել։ 

Leave a comment