Ներկայացնում ենք The Financial Times-ի Թուրքիայի թղթակից Ջոն Փոլ Ռաթբոնի Turkey’s frozen frontier with Armenia starts to thaw հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ջոն Փոլ Ռաթբոն
Թուրքիայի Կարս քաղաքում գիշերը կրկին ձյուն էր տեղացել. ի դեպ, «կար» բառը թուրքերեն նշանակում է «ձյուն», իսկ փոքր հեռավորության վրա գտնվող միջնադարյան Անիի ավերակներում առաջացել են ձնափոսեր։
Քամուց պատսպարված կանգնած էի Անիի ավերակներից մեկում եւ հիացմունքով նայում էի հայկական դրոշին, որը ծածանվում էր ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Մեզ բաժանում էին խոր կիրճը, որով անցնում է թուրք-հայկական սահմանը, եւ հնագույն քարե կամուրջը, որը ժամանակին կապում էր երկու կողմերը, սակայն վաղուց փլուզվել է։ Ավելի քան մեկ դար փակ մնացած այս սահմանը՝ բացառությամբ 1991-1993 թվականների կարճատեւ երկամյա շրջանի, հաճախ բնութագրվում է որպես Եվրոպայի Սառը պատերազմի ժամանակաշրջանից մնացած վերջին փակ սահմանը։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, թեեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կարող են խոչընդոտել գործընթացը, սահմանը շուտով կվերաբացվի։ Դա տեղի կունենա խաղաղության գործընթացի շրջանակում եւ, հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, փոքրիկ հրաշք կհամարվի։
Այն, որ այս ամենը տեղի է ունենում հենց Կովկասում, առավել ուշագրավ է։ Հյուսիսում շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, հարավում՝ Իրանի շուրջ լարվածությունը, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գրեթե չորս տասնամյակ տեւած հակամարտությունը միայն անցյալ տարի հասավ իր հանգրվանին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրով։
Սահմանի վերաբացումը կարող է նաեւ ազդարարել մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր գործընթացի սկիզբը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա անվանել է «ընդհանուր ցավի» հաղթահարում՝ ի նկատի ունենալով 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված զանգվածային սպանությունները, որոնք Հայաստանը եւ բազմաթիվ այլ երկրներ, բայց ոչ Թուրքիան, ճանաչում են որպես ցեղասպանություն: Այս թեմային մեծ զգուշությամբ է անդրադարձել նաեւ Նոբելյան մրցանակակիր գրող Օրհան Փամուքը իր 2002 թվականին հրատարակված եւ լայն ճանաչում ստացած «Ձյուն» վեպում։
Վեպը, որի գործողությունները ծավալվում են Կարսում, լի է ռուսական մշակույթի հանդեպ ջերմ ակնարկներով։ Սա կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան եւ Ռուսաստանը դարեր շարունակ պատերազմել են միմյանց դեմ, իսկ Ռուսաստանը երեք անգամ օկուպացրել է Կարսը։ Տեղի գործարարներից մեկը ինձ ցույց տվեց ռուսական բանակի նախկին զորանոցը, որը վերածել է բարձրակարգ հյուրանոցի։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ շենքը ժամանակին ծառայել է օկուպացիոն զորքերին, այսօր նույնիսկ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների, այդ թվում՝ թուրք այցելուների շրջանում։
Հայկական ներկայության դեպքում պատկերն այլ է։ Երբ Փամուքը «Ձյուն» վեպում անդրադառնում է «հայկական հարցին», նա դա անում է դատարկ առանձնատների, անհետացած համայնքների եւ Անիի՝ ուրվական-քաղաք հիշեցնող լքված եկեղեցիների միջոցով։ Ինչպես ժամանակին գրել է հայ գրող Րաֆֆին. «Այնտեղ, որտեղ մի ժամանակ կանգնած էին արքայական պալատներ… այժմ բներ ունեն օձերը, կրիաներն ու մողեսները»։
Այս լռությունը Փամուքի մոտ պատահական չէ։ Երբ նա գրում էր «Ձյունը», պատմության բեռը այնքան ծանր էր, որ դժվար էր ավելի քան անցողիկ կերպով անդրադառնալ այն ողբերգությանը, որի հետեւանքով ավելի քան մեկ միլիոն մարդ զոհվեց։ Փոխարենը նա կարծես այդ հիշողությունը թաքցրել է ձյան տակ, որը վեպի ողջ ընթացքում ծածկում է Կարսը։
«Այստեղ մարդկանց մեծ մասը երբեք չի մտածում Հայաստանի մասին», – ասում է տեղի զբոսավար Մուքադերը։ Կարսի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզանն էլ ափսոսանքով նշում է. «Կարսը Թուրքիայի միակ քաղաքն է, որը գտնվում է փակ հայկական սահմանի հարեւանությամբ, եւ դա տարիներ շարունակ տնտեսական բեռ է եղել»։
Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող զգայուն դիվանագիտական մերձեցման գործընթացն այժմ նպատակ ունի փոխել այդ իրականությունը։ Այս ամիս Թուրքիայի փոխնախագահն աննախադեպ այց կատարեց Հայաստանի մայրաքաղաք Երեւան։ Վերացվում են առեւտրային սահմանափակումները, Անիի կամուրջը վերակառուցելու ծրագրեր կան։
Այս այրող հիշողությանը, որը հայերը կոչում են «Մեծ եղեռն», հազվադեպ են անդրադառնում բաց եւ անմիջական ձեւով։ Փոխարենը, Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները, կարծես, փորձում են գտնել մի ճանապարհ, որը թույլ կտա ապրել այդ հիշողության հետ, այլ ոչ թե դրա ներսում։ «Անցյալի ողբերգությունը չպետք է վերածվի անհաղթահարելի պատի։ Այն պետք է դառնա կամուրջ, որը, անցյալի դասերի վրա հենվելով, կտանի դեպի ավելի արդար եւ խաղաղ ապագա», – հայտարարել է Թուրքիայում Հայ Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքը։
Աշխարհագրությունը Թուրքիային եւ Հայաստանին հարեւաններ է դարձրել։ Սակայն երկարատեւ սառեցված քաղաքական հարաբերությունները նրանց երկար ժամանակ պահել են իրարից հեռու։ «Կարսը կարող է փակուղի հիշեցնող քաղաք թվալ: Բայց այժմ այն կարող է վերածվել տրանսպորտային հանգույցի», – ասում է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տեղական նախագահ Մուամմեր Սանջարը։
Ես լսել եմ թուրքական ավտոբուսային ընկերությունների մասին, որոնք տոմսեր են պատվիրում դեպի Երեւան ուղիղ երթուղիների համար, ինչպես նաեւ մի հայ ձեռնարկատիրոջ մասին, որը նախկինում բիզնես էր վարում Իրանում, իսկ այժմ ծրագրում է գործարան հիմնել այստեղ։ Գարնան ուշացած գալուստի հետ կարծես հալվում է նաեւ Կարսի շրջակայքը երկար ժամանակ մեկուսացնող ձյունը։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: