Ռուբիո. TRIPP-ը «բացառիկ հնարավորություն» է Հայաստանի համար

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունն «ավարտված է»:

Ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ, Ռուբիոն ասել է.
«Հայաստան եւ Ադրբեջան. այս հակամարտությունն ավարտված է: Այն ոչ միայն ավարտված է, այլեւ հանգեցրել է համաձայնագրի, որի շրջանակում ես ստորագրեցի TRIPP երթուղու հուշագիրը: Այն երկու երկրներին, եւ հատկապես Հայաստանին, բացառիկ հնարավորություններ կընձեռի՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը»:
Ավելի վաղ այս շաբաթ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ռուբիոն ասել էր.
«Բաց աղբյուրներից ակնհայտ է, որ Ռուսաստանը խիստ դժգոհ է Հայաստանի հետ մեր մերձեցումից: Կան նշաններ, որ Մոսկվան ցանկանում է գործող վարչապետի պարտությունը ընտրություններում՝ որպես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման հետեւանք:
Մենք չենք պատրաստվում խախտել Հայաստանի ինքնիշխանությունը: Մենք չենք պահանջում, որ նա հրաժարվի այլ երկրների հետ բարեկամությունից: Մենք պարզապես ցանկանում ենք կառուցել հարաբերություններ, որոնք չեն սահմանափակվի բացառապես խաղաղության օրակարգով: Խաղաղությունը կարեւոր է, բայց դա ընդամենը մեկնակետ է»: 

Leave a comment