Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ կխթանի թարմ պտուղ-բանջարեղենի եւ ծաղկի արտահանումը դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ։ Ըստ այս որոշման՝ ՀՀ կառավարությունն արտահանողի կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ասաց, որ Հայաստանում արտադրվում է բարձրորակ, հետագծելի եւ ստանդարտավորված արտադրանք, որը կարող է իր տեղն ունենալ համաշխարհային շուկայում։ «Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում խթանել առաջնային արտադրության, մասնավորապես, թարմ պտուղ-բանջարեղենի եւ ծաղկի արտահանման դեպքում դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ։ Հայաստանի կառավարությունն արտադրողի կամ արտահանողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ»,- նշեց Խոջոյանը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց․ «Չեմ ուզում, ինչպես ասացվածքում է ասվում, սայլը ձիուց առաջ դնել եւ շտապել հայտարարություններ անել, բայց ուզում եմ ասել, որ մենք քննարկումներ ունենք Եվրոպական միության մեր գործընկերների հետ՝ իրենց կողմից եւս մաքսատուրքերի հարցում դեպի մեր արտադրողն ուղղված քայլեր անելու հարցով։ Հույս ունեմ՝ առաջիկայում այդ քննարկումները հաջողությամբ կպսակվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական խմիչքների, ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, հանքային ջրի, ձկնատեսակի ներմուծման վրա։ Հայ արտադրողներն ու արտահանողները կանգնել են լուրջ խնդիրների առաջ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: