Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը

Կառավարությունն առաջարկում է ընդլայնել արտահանման խթանման պետական աջակցության ծրագիրը և այն տարածել նաև գյուղատնտեսական ոլորտի վրա։

Եթե նախագիծն ընդունվի, ապա դեպի Եվրամիություն, Մեծ Բրիտանիա և Կանադա հայկական ծագման մշակաբույսեր արտահանող տնտեսվարողները նույնպես կկարողանան օգտվել ներմուծող երկրում վճարված մաքսատուրքի փոխհատուցումից։ Ներկայումս այդ աջակցությունը վերաբերում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքին։

Էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը զգալի ռիսկեր է պարունակում՝ պայմանավորված դրա շուտ փչացող լինելու, հատուկ տեղափոխման պայմանների, ֆիտոսանիտարական պահանջների և լրացուցիչ ծախսերի հետ։

Նախարարության գնահատմամբ՝ մաքսատուրքերի փոխհատուցումը կբարձրացնի հայկական գյուղմթերքի մրցունակությունը միջազգային շուկաներում, կխթանի արտադրության ծավալների աճը, ինչպես նաև կնպաստի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment