«Հրապարակ» թերթը գրում է․
Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավականին զուսպ է, եւ հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի առջեւ ծառացած մարտահրավերներին, նշվում է, թե անդրադարձ է կատարվել «արտահանման դիվերսիֆիկացիային»:
Սակայն, մեր տեղեկություններով, բավականին թեժ քննարկում է ծավալվել, բայց այդպես էլ նախարարը չի կարողացել տնտեսվարողներին լուծում առաջարկել։ Հիշեցնենք․ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնատեսակների, «Ջերմուկի», կոնյակի եւ ծաղիկների ներկրումը Ռուսաստան։
Մեզ պատմեցին, որ Պապոյանը ջերմոցատերերին առաջարկել է օգնություն, ավելի ճիշտ՝ ասել է, թե ինչով կարող է պետությունն օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը միաբերան պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է, եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ, փաստորեն, իրենց առջեւ իշխանության թեթեւ ձեռամբ փակվել է, ուստի միակ լուծումն այդ շուկան բացելն է:
Պապոյանը խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ, ինչը վրդովեցրել է ջերմոցատերերին։ Նրանք հիշեցրել են իշխանության խոստումները, թե տնտեսություն հիմնեք, գործ դրեք, մենք ձեր թիկունքին կկանգնենք, իրենք էլ մեծ ներդրումներ են արել, վարկեր վերցրել ու այսօր կանգնել փաստի առաջ։ Ջերմոցատերերը հեռացել են դժգոհ եւ առանց լուծումների։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ են ստացվում, որ նորանոր սահմանափակումներ են գործելու Հայաստանից Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Խոսքը, մասնավորաբար, հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի, չրերի, ձկնամթերքի, ծաղիկների, խաղողի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և բազմաթիվ այլ ապրանքների մասին է:
Սա ինքնին առաջին հերթին նշանակում է մեծագույն հարված արտահանմամբ զբաղվողներին, ֆերմերներին, գյուղացիներին: Պատահական չէ, որ արդեն իսկ լուրջ դժգոհություն կա վերջիններիս շրջանում: Ավելին, վերջին երկու օրերին Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը պարբերաբար փակվում են, հայ-վրացական սահմանին լարված իրավիճակ է։ Վարորդները, ջերմոցների սեփականատերերը և ֆերմերները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով, որ չեն կարողանում իրենց արտադրանքը արտահանել ԵԱՏՄ շուկաներ։ Մեր տեղեկություններով, դժգոհության կուտակումներ կան հանրապետության ամբողջ տարածքում. ժողովուրդը պարզորոշ գիտակցում է, թե ինչ աղետ է սպասվում բոլորին Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով: Մեր թղթակիցները տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Բավրայի անցակետրի մոտ զրուցել են մի շարք ֆերմերների հետ: Նրանցից շատերը չեն ցանկացել, որ իրենց անունը հրապարակվի՝ անհանգստանալով երկրում տիրող ռեպրեսիաներից: Այդուամենայնիվ, նրանք իրենց մեծ դժգոհությունն են արտահայտել ստեղծված վիճակից, նշել են, որ իշխանությունների խոստումները, թե ապրանքները կարտահանվեն ԵՄ, պարզապես փուչիկ են, ոչ մի լուրջ բան չկա: «Մինչև տեղից շարժվեն, մեր ամբողջ բերքը կփչանա: Եվ հետո, այդպիսի քանակ ո՞նց են կազմակերպելու արտահանել Եվրոպա, ո՞ւմ միջոցով, ինչքա՞ն ժամանակ կարող են այս PR-ն ապահովել»,-զայրացած ասել է զրուցակիցներից մեկը:
Ավելին, բազմաթիվ գյուղացիներ ու ֆերմերներ նշում են, որ կառավարությունը տոտալ անտեսում է իրենց. քանիցս փորձել են զանգահարել կառավարություն, էկոնոմիկայի նախարարություն, հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, սակայն կա՛մ որևէ մեկը զանգի չի պատասխանում, կա՛մ եթե ինչ-որ մեկն էլ «հեռախոս է վերցնում», ասում է, որ ինքը տեղյակ չէ, իրավասու չէ պատասխանել հարցերին, քանի որ «все ушли на фронт», քարոզարշավի են, էլի: Մի խոսքով, մարդիկ անելանելի վիճակի մեջ են, ու հանրության մեջ զայրույթը գնալով ավելի ահագնացող չափերի է հասնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին շաբաթներին հանրության ուշադրությունը գրավել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջայցերի ընթացքում արված բազմաթիվ կադրերը, որտեղ նա տարբեր համայնքներում մեծ ախորժակով օգտվում է տեղացիների կողմից պատրաստված հյուրասիրություններից։ Տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը պարզապես մոտենում է պատահական սեղանին և ճաշակում այն, ինչ այդ պահին առաջարկում են քաղաքացիները։ Սակայն իրականությունն այլ է։
«Ժողովուրդ» օրաթերթին իշխանական շրջանակներից տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, որ վարչապետի համար նախատեսված յուրաքանչյուր սեղան անցնում է մի ամբողջ «գաստրոնոմիական անվտանգության օպերացիա»։ Նախքան վարչապետի մոտենալը, սեղանը մանրակրկիտ ուսումնասիրվում է, ուտեստները զննվում են, գնահատվում է ոչ միայն անվտանգությունը, այլև դրանց տեղաբաշխումը, լուսանկարչական տեսանելիությունը և նույնիսկ այն, թե որ կողմից է առավել շահավետ կադրը։
Աղբյուրների հավաստմամբ՝ միայն բոլոր փուլերն անցնելուց հետո է տրվում պայմանական «բարի ախորժակ» թույլտվությունը, և վարչապետը կարողանում է մոտենալ ժողովրդական սեղանին։
Այսպիսով, հենց Փաշինյանի ներկայացմամբ՝ «պերաշկի ուտող վարչապետի» կերպարը վաղուց արդեն վերածվել է յուրատեսակ քաղաքական բրենդի, որտեղ նույնիսկ ամենահասարակ պատառը նախապես անցնում է անվտանգության և հանրային կապերի ֆիլտրերով։ Այսինքն՝ բեմադրվում է նաև ճաշացանկը»։