ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա

Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով նախատեսվում է «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին տրամադրել ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում։

Նախագծի համաձայն՝ ընկերությունը Վայոց ձորի մարզում նախատեսում է իրականացնել շուրջ 3.4 մլրդ դրամի ներդրում՝ պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար անհրաժեշտ հումքի ձեռքբերման նպատակով։

Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է շուրջ 226 մլն դրամ։

Ընկերությունում ներկայում աշխատում է 558 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 250 հազար դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 564-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 260 հազար դրամի։

Հիմնավորման համաձայն՝ ներմուծվող հումքը ձեռք չի բերվում ԵՏՄ անդամ երկրներից, քանի որ չի համապատասխանում ընկերության տեխնիկական պահանջներին։

Կառավարությունում կարծում են, որ արտոնության տրամադրումը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը, արտադրության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման խթանմանը։

Նշենք, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն պատկանում է Վայոց ձորի մարզպետ, ՔՊ պատգամավորի թեկնածու Վահագն Արսենյանի ընտանիքին։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment