Կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը ոգևորված խոսում էր այն մասին, որ Հայաստանում զբոսաշրջային բում է տեղի ունենում։ Զբոսաշրջիկների հոսքերն աննախադեպ տեմպերով ավելանում են՝ չտեսնված բարձր աճեր են գրանցվում։ Այնքան բարձր, որ իր հավատն էլ չի գալիս։
«Զարմանալի բաներ են տեղի ունենում զբոսաշրջային առումով. 2026թ. ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա ապրիլի համեմատ, 39 տոկոսով աճ է ունեցել։
Պատկերացնո՞ւմ եք՝ հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, 34 տոկոս աճ է ունեցել։ Ես մի քանի անգամ հարցրել եմ՝ ճի՞շտ է այս թիվը, համոզվա՞ծ եք, որ այդպես է։ Էլ չհարցնեմ երևի։
Այս թվերը նշանակում են, որ մենք այս պահին զբոսաշրջային բում ունենք, և երկրորդ՝ այդ բումը շարունակվելու է, աճելու է, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները։
Սա շատ լավ լուր է և հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում՝ մարզերի, շատ ուշադիր կլինեն այդ վիճակագրության նկատմամբ, որովհետև, ի վերջո, այս ամենը դրամական հոսքեր են, և մեր հարգելի ու սիրելի գործարարներն իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենք իրենց ճիշտ, արդար մասնաբաժինը ստանան»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ առանց բացելու փակագծերը, առանց ասելու, թե ի՞նչ կա թաքնված այդ թվերի հետևում։
Այնինչ՝ գաղտնիքը փակագծերի ներսում է։ Երբ բացենք փակագծերը, կպարզվի, որ Նիկոլ Փաշինյանի ասած բումի մեջ իրականում ոչ մի բում էլ չկա։
Զբոսաշրջային հոսքերն ավելացել են բացառապես այն բանի շնորհիվ, որ նախորդ տարի դրանք շատ ավելի կտրուկ նվազել էին։ Ու նույնիսկ այս տարվա 35-40 տոկոս աճերից հետո չեն կարողացել վերականգնել կորցրածը։
Նախ խոսենք ապրիլի մասին. Ապրիլին Հայաստան է այցելել 172.409 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 123.705 հազար։
Առաջին հայացքից այցելուների քանակը գրեթե 49 հազարով ավելացել է։ Բայց ավելացել է նախորդ 2 տարվա անկումից հետո։ Զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվել էր հատկապես անցած տարի։ Անցած տարվա ապրիլին ավելի քան 40 հազարով պակաս այցելու էր եկել։
Դրանից առաջ էլ զբոսաշրջիկների թիվը նվազել էր։ Ու հիմա, երբ այս տարվա այցելուների քանակը համեմատում ենք 3 տարի առաջվա հետ, տեսնում ենք, որ զբոսաշրջության ոլորտում բացարձակ առաջընթաց չի գրանցվել։
Զբոսաշրջության զարգացումն ամբողջությամբ ձախողել են։ Հոսքերը վերջին 3 տարվա ընթացքում չեն ավելացել։ Պաշտոնական տվյալներով, 2023թ. ապրիլին Հայաստան 179.639 զբոսաշրջիկ էր եկել, այս տարի եկել է 172.409 զբոսաշրջիկ։
Այս տարի նույնիսկ 7.230-ով պակաս զբոսաշրջիկ է եկել, քան 3 տարի առաջ։
Եվ սա համարում են զբոսաշրջային բում։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: