Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.06.2026 | 21:27

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում Գավառում ունեցած իր ելույթի ժամանակ Արարատ Միրզոյանն անդրադարձել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևորությանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիային և Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման վերջին սահմանափակումներին:

Նա ընդգծել է, որ սրանք առաջին ընտրություններն են մեր պատմության մեջ, որոնք անցնում են խաղաղության պայմաններում, ինչը հնարավորություն է տալիս երկիրը դուրս բերել տնտեսական փակուղուց՝ վերածելով այն կարևորագույն խաչմերուկի։

Խոսելով ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառված արգելքների մասին՝ Միրզոյանը հայտարարել է.

«Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ փակում է մուտքը ռուսաստանյան շուկա հայաստանյան հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, «Ջերմուկի», կաթնամթերքի համար: Ինձ համար անհասկանալի և ոչ հիմնավոր պատճառներով… Բայց վստահեցնում եմ՝ մենք շատ կառուցողական, գործընկերային աշխատանքային քննարկումներով կհարթենք այդ խնդիրները մեր ռուս գործընկերների հետ»։

Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը թույլ է տվել լրջորեն զբաղվել տնտեսության դիվերսիֆիկացիայով և նոր շուկաներ բացահայտել Եվրամիության և արաբական երկրներում:

Անդրադառնալով քաղաքացիների անկոտրում տրամադրվածությանը՝ Արարատ Միրզոյանը մեջբերել է գյուղացիներից մեկի խոսքը.

«Այս պատմության մեջ մի հատ շատ ավելի հետաքրքիր շերտ կա։ Մի քաղաքացի, մի ելակ արտադրող այսօր մոտեցել է ինձ և ասում է հետևյալը․ «Պարո՛ն Միրզոյան, մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու»։ Մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment