Բազում հիվանդություններով տառապող Վարդան Ղուկասյանին պահում են ծխողների խցում․ քննվում է Գյումրու քաղաքապետի խափանման միջոցի հարցը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը, որով անցնում են նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը, փաստաբանական խումբը միջնորդություն ներկայացրեց փոխել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ տեղեկանքներ ներկայացնելով նրա առողջական վիճակի մասին՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը գնալով վատանում է։

Փաստաբանական խումբը բաղկացած է հինգ փաստաբաններից։ Նրանցից ոմանք առաջարկեցին դիտարկել գրավով ազատ արձակումը, այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։ Փաստաբանական խմբին միացել է նաև «Մեր ձևով» շարժման Գյումրու համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ կարևոր մի փաստաթուղթ հրապարակեց Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ հունվարի 19-ին Վարդան Ղուկասյանին դատարանից, որտեղ շտապ բուժօգնություն էր եկել նրա համար և ցուցում էին տվել հոսպիտալացնելու, տեղափոխել էին ոչ թե հիվանդանոց, այլ քրեակատարողական հիմնարկ, և որևէ բժշկական օգնություն չեն ցուցաբերել։

Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու։ Ըստ նրա՝ Վարդան Ղուկասյանի ամբուլատոր քարտը, որը փորձել էր ձեռք բերել փաստաբանական կողմը, սակայն այն չէին տրամադրել, ՄԻԵԴ-ին են տրամադրել, և այն հայտնվել է փաստաբանների ձեռքում։

Զարուհի Փոստանջյանը, ցույց տալով քարտը, ասաց, որ ակնհայտ է՝ որևէ հետազոտություն չի կատարվել, էնդոկրինոլոգի կամ սրտաբանի կողմից որևէ բուժօգնություն չի տրամադրվել, մինչդեռ զարկերակային ճնշումը եղել է 60–80։ Նա սկզբում ունեցել է դիաբետի միջին աստիճան, որը վերածվել է ծանր դիաբետի, իսկ սա կարող է մարդու համար մահացու լինել։

Շաքարային դիաբետի վերահսկողությունը, ըստ փաստաբանի, Վարդան Ղուկասյանն իրականացնում է միայնակ՝ իր գիտելիքներով։

Ըստ նրա՝ հակացուցված դեղ է նշանակվել, որը կարող է բերել սրտի կանգի։ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ բժշկական վիճակի կտրուկ վատացում կա, 20 օր է՝ իր պաշտպանյալը գանգատվում է նաև երիկամների վիճակից, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դա չի հանգեցնի երիկամային անբավարարության։

Ըստ փաստաբանի՝ պարոն Ղուկասյանին երեք ամիս է՝ պահում են ծխողների խցում։

«Մենք դա կարող ենք դիտարկել որպես անմարդկային վերաբերմունք, և դատարանը տվյալ դեպքում չպիտի խնդրի քրեակատարողական հիմնարկին, որ նրան տեղափոխեն չծխողների խուց, դա օրենքի պահանջ է՝ առանձնացնել ծխողներին ու չծխողներին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նման հիվանդությունները, ըստ փաստաբանի, պահանջում են քայլել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, մինչդեռ իր պաշտպանյալի մոտ անոթների 90 տոկոս խցանում կա, խցերում հնարավոր չէ քայլել։

«Ես չգիտեմ՝ դուք եղե՞լ եք խցում, թե՞ չեք եղել, այնտեղ հնարավոր չէ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել»,- դատարանին ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ ամբուլատոր քարտի՝ համալիր բուժման ծրագիր չի եղել, իսկ այն բուժումը, որը նշանակված է եղել Վարդան Ղուկասյանի սրտաբանի կողմից, այդ բուժման մեջ փոփոխություն է մտցվել՝ առանց հիմնավորման։

«Անգամ դեղերի դոզաներն են իջեցվել։ Արվե՞լ են անալիզներ, որոնց հիման վրա ասենք՝ բարելավվե՞լ է վիճակը, որ իջեցվում է դոզան։ Փաստորեն մատնված է անտերության»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։ Նա նաև հայտնեց, որ իր պաշտպանյալի մոտ այնպիսի բժիշկներ են այցելում, որոնց կարիքը նա չունի։

Վարդան Ղուկասյանն իր հերթին տեղից արձագանքեց․ «Մաշկային գինեկոլոգ է եկել, ինձ ի՞նչ պետք է»։

«Մաշկի վիճակից պարոն Ղուկասյանը չի բողոքել, այլ բժիշկներ են եկել, որոնց դեպքում պարոն Ղուկասյանը գանգատներ չի ունեցել»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։

Նա նաև հայտնեց, որ դիմել են այլընտրանքային դատաբժշկական փորձաքննության, ունեն արդյունքները, որոնք ՌԴ-ի բժիշկների կողմից են տրամադրվել, կա նոտարական վավերացում, այն թարգմանված է հայերեն։

Նա կրկին նշեց, որ հակացուցված դեղ է նշանակվել իր պաշտպանյալին, իսկ ոչ ճիշտ դեղորայքային թերապիայի դեպքում կա հանկարծամահության սպառնալիք, հաշմանդամություն ձեռք բերելու վտանգ։

Ըստ նրա՝ շաքարային դիաբետը խորացել է, իսկ համապատասխան բժշկական օգնություն չցուցաբերելով՝ ոտնձգություն է տեղի ունեցել պարոն Ղուկասյանի նկատմամբ, այն կյանքը ընդհատելու գործին է միտված։

Մեղադրողն իր հերթին նշեց, որ ՌԴ փորձագետների բժշկական հետազոտության մեջ առողջական վիճակի հետ կապված որևէ նոր հանգամանք չի նշվել, չի հերքվել հայ փորձագետների տված եզրակացությունը։

Նա չհամարեց արժանահավատ այդ փաստաթուղթը, նշեց, որ Վարդան Ղուկասյանն ունի առողջական խնդիրներ և պարբերաբար պետք է բուժվի հիվանդանոցներում։ Ըստ նրա՝ եթե նրա առողջական վիճակը վատացել է, համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, թող բերեն հիմնավորումներ։

«Օդում հայտարարություններ կատարելով չէ»,- ասաց մեղադրողը։ Ըստ նրա՝ նոր հանգամանք չի հայտնաբերվել և չի կարող դառնալ խափանման միջոց փոխելու հիմք։

Զարուհի Փոստանջյանը մեկ անգամ ևս անդրադարձավ Վարդան Ղուկասյանին բուժօգնություն չցուցաբերելուն և ամբուլատոր քարտը իրենց չտրամադրելուն։ Իսկ քարտը ձեռք բերելուն պես խորհրդակցել է բժիշկների հետ, որոնք նշել են, որ հակացուցված դեղ է նշանակվել։

«Դա սպանության փորձ է պարոն Ղուկասյանի նկատմամբ, թող գան դատաբժիշկներն այստեղ և պարզաբանեն, թե ոնց են այդ դեղը նշանակել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանները նշեցին, որ եթե երաշխիքներ պետք լինեն Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի փոփոխման համար, կարող են ներկայացնել։

Ելույթ ունեցավ նաև Վարդան Ղուկասյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment