Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտարարել է, որ Եվրամիության ղեկավարությունը սկսել է ագրեսիվ կերպով դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանից․ գրում է ria.ru-ն։
Ըստ հայտարարության՝ ԵՄ-ն Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի ներկայացուցիչների վերաբերյալ կոմպրոմատներ է «սարքում»՝ Հայաստանի իշխանություններին ստիպելով նրանց դեմ լայնածավալ հետապնդում սկսել։
Արտաքին հետախուզության ծառայությունը հիշեցրել է, թե ինչպես է Եվրամիությունը դաժան հարձակում իրականացրել Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազային կից Միքայել Հրեշտակապետի եկեղեցու ներկայացուցիչ Հայր Տիմոֆեյ Ղազարյանի վրա։
«Բրյուսելի կողմից աջակցվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները մեղադրել են համեստ քահանային այս տարվա հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար», – պարզաբանել է ԱՀԾ-ն։
Ինչպես նշվում է, ԵՄ ղեկավարությունը պահանջում է, որ Հայաստանը լիովին խզի դարավոր կրոնական և հոգևոր կապերը Մոսկվայի հետ՝ որպես եվրաինտեգրման պայման։
ԱՀԾ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը փորձում է զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի թեմին եկեղեցական գույքն օգտագործելու իրավունքից։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների միջև կապերն անհամեմատ ավելի հին են, քան Եվրամիության պատմությունը. դրանք կդիմանան եվրոպացիների հարձակումներին։