Ներկայացնում ենք ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) Սեւծովյան հիմնադրամի (Black Sea Trust) ծրագրի ղեկավար Իրինա Նեագույի A New Connectivity Hub: Armenia finds itself at the crossroads of Europe and Asia հոդվածի հայերեն թարգմանությունը:
Իրինա Նեագու
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Երեւան՝ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու նպատակով։ Այցի ընթացքում նաեւ ամրագրվեցին լրացուցիչ պայմանավորվածություններ կարեւորագույն հանքանյութերի եւ TRIPP-ի զարգացման շուրջ, որը նպատակ ունի Հայաստանը ավելի սերտորեն ինտեգրել Եվրոպա-Ասիա տրանսպորտային ցանցերին։ Ռուբիոյի այցը ընդգծում է, որ Հարավային Կովկասում կապի հարցը գնալով ավելի քիչ է դիտարկվում որպես զուտ տարածաշրջանային օրակարգ, եւ ընկալվում է որպես առեւտրային ուղիների դիվերսիֆիկացման եւ պատերազմի, աշխարհաքաղաքական ցնցումների ու ռազմավարական խոցելիությունների նվազեցման ավելի լայն ջանքերի մաս։
Հետեւաբար, Հայաստանի ընտրությունների արդյունքների նշանակությունը դուրս է գալիս ներքաղաքական դաշտի սահմաններից։ Դրանք կարող են որոշել, թե որքանով կկարողանա Հայաստանը առաջ մղել տարածաշրջանային կապակցվածության նախաձեռնությունները եւ խորացնել միջազգային գործընկերությունները՝ այն պայմաններում, երբ չլուծված հակամարտությունները եւ դրանցից բխող անկայունությունը շարունակում են Հարավային Կովկասի հիմնական մարտահրավերը մնալ։
Պատերազմի ցնցումները
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա հիմնովին վերափոխեց Եվրոպայի պատկերացումները ենթակառուցվածքների, էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։ Առեւտրային ուղիները, որոնք նախկինում ընկալվում էին որպես ապահով, մեկ գիշերվա ընթացքում խոցելի դարձան։ Ծովային անվտանգության խնդիրները, պատժամիջոցները, խաթարված լոգիստիկան եւ ավելի լայն աշխարհաքաղաքական լարվածությունը արագացրին Եվրոպայի կողմից Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ ավելի հեռավոր տարածաշրջանների հետ կապող այլընտրանքային միջանցքների որոնումը։ Սեւ ծովի արեւմտյան հատվածում արդեն ձեւավորվում են տարածաշրջանային համագործակցության նոր ձեւաչափեր։
«Օդեսայի եռանկյունին» ամրապնդում է կապակցվածությունն ու համագործակցությունը Մոլդովայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի միջեւ, մինչդեռ Բուլղարիան, Ռումինիան եւ Թուրքիան համագործակցում են Կոնստանցայում ստեղծված ԵՄ նոր Ծովային անվտանգության կենտրոնի շրջանակում։ Նմանատիպ համակարգումը, հավանաբար, անհրաժեշտ կլինի նաեւ Հարավային Կովկասում, եթե նախատեսվող կապակցվածության լայնածավալ նախագծերը իրականություն դառնան։
Վերջին շրջանում Երեւանում եւ Վաշինգտոնում ընթացող քաղաքական քննարկումներն ավելի ու ավելի են արտացոլում այս ռազմավարական փոփոխությունը։ Սեւ ծովը վերածվում է մի տարածքի, որտեղ հատվում են կապակցվածության, անվտանգության եւ տարածաշրջանային ազդեցության հարցերը։ Հայաստանը դառնում է Եվրոպայի ապագա կապակցվածության ճարտարապետության վերաբերյալ ավելի լայն քննարկումների մաս՝ միավորելով Սեւ ծովը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան։
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Միջին միջանցքը եւ Սեւծովյան կապակցվածության ավելի լայն շրջանակները գնալով ավելի հաճախ են դիտարկվում ոչ թե որպես առանձին տարածաշրջանային նախագծեր, այլ որպես եվրատլանտյան ավելի լայն ջանքերի բաղադրիչներ՝ ուղղված տնտեսական կայունության ամրապնդմանը, առեւտրային ուղիների դիվերսիֆիկացմանը եւ ռազմավարական խոցելիությունների նվազեցմանը։ Արդյունքում, քննարկման առանցքում այլեւս այն հարցը չէ, թե արդյոք Եվրոպան պետք է ներդրումներ կատարի Հարավային Կովկասի կապակցվածության զարգացման մեջ, այլ այն, թե ինչպես կարելի է այդ նախաձեռնություններն իրականացնել կայուն եւ ներառական ձեւով։
Այս նոր թափի զգալի մասը ձեւավորվեց 2025 թվականի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրից հետո, որը էապես փոխեց ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքական որոշում կայացնողների վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ։ Թեեւ համաձայնագիրը չլուծեց մի շարք կարեւոր քաղաքական եւ անվտանգային խնդիրներ, այն վերակենդանացրեց տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների, Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ Եվրոպա-Ասիա կապակցվածության համակարգերում Հայաստանի դերի վերաբերյալ քննարկումները։
Համախմբում
Կապակցվածությունը միայն ենթակառուցվածքները չեն։ Այն գնալով ավելի շատ առնչվում է դիմակայունությանը՝ առեւտրային ուղիների դիվերսիֆիկացմանը, ռազմավարական կախվածությունների նվազեցմանը, մատակարարման շղթաների անվտանգությանը եւ ամբողջ տարածաշրջանների քաղաքական ուղղվածությանը։ Տրանսատլանտյան եւ Հարավային Կովկասի շահագրգիռ կողմերի հետ քննարկումները ցույց են տալիս, թե որքան կարեւոր է, որ տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը նպաստեն ինտեգրմանը, այլ ոչ թե խորացնեն աշխարհաքաղաքական մասնատվածությունը։ Հայաստանը գտնվում է մրցակցող աշխարհաքաղաքական ճնշումների խաչմերուկում՝ միաժամանակ փորձելով խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ նվազեցնել ռազմավարական մեկուսացումը։ Այս պայմաններում կապակցվածության նախաձեռնություններն անբաժանելի են դառնում ինքնիշխանության, երկարաժամկետ կայունության եւ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցերից։
Հայաստանի ընտրությունները չեն կարող դիտարկվել այս տարածաշրջանային գործընթացներից անջատ։ Դրանք ավելին են, քան սովորական ներքաղաքական մրցակցությունը, եւ դրանց արդյունքները կձեւավորեն Հայաստանի աշխարհաքաղաքական եւ տնտեսական ուղղվածությունը մի ժամանակաշրջանում, երբ երկիրն ավելի ու ավելի հաճախ է ընկալվում որպես Սեւծովյան եւ Եվրոպա-Ասիա կապակցվածության ձեւավորվող համակարգերի մաս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանային կարգավորումը, վերաբացված տրանսպորտային կապերը, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացումը կենսական նշանակություն ունեն Հայաստանի երկարաժամկետ անվտանգության եւ զարգացման համար։
Ընդդիմադիր ուժերը, որոնցից շատերը թերահավատորեն են վերաբերվում Երեւանի արագ արեւմտյան վերակողմնորոշմանը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացմանը, պնդում են, որ կառավարությունը չափազանց մեծ զիջումների է գնում՝ հանուն տարածաշրջանային ինտեգրման անորոշ օգուտների։ Հետեւաբար, ընտրությունների արդյունքները կազդեն այնպիսի նախաձեռնությունների վրա, ինչպիսիք են «Խաղաղության խաչմերուկը», տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների վերաբացումը եւ Հայաստանի ինտեգրումը Սեւծովյան ու Միջին միջանցքի կապակցվածության կառույցներին։
Հայաստանի կապակցվածության հավակնությունները, իհարկե, բախվում են կարեւոր սահմանափակումների։ Շահագրգիռ կողմերի հետ քննարկումները մատնանշում են մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ինչպես ապահովել, որ ենթակառուցվածքային նախագծերը մնան տնտեսապես կենսունակ՝ առանց քաղաքական մեկուսացման ենթարկվելու, եւ ինչպես կարող են արեւմտյան դերակատարները աջակցել տարածաշրջանային կապակցվածությանը՝ միաժամանակ չխորացնելով աշխարհաքաղաքական բաժանարար գծերը։
Երկարաժամկետ տնտեսական ինտեգրումը շարունակական քաղաքական կարգավորում, ներդրումներ եւ տարածաշրջանային համագործակցություն կպահանջի։
Տասնամյակներ շարունակ Հայաստանը հիմնականում դիտարկվել է հակամարտությունների, խոցելիության եւ տարածաշրջանային անկայունության տեսանկյունից։ Այսօր, սակայն, այն ավելի մեծ ուշադրություն է գրավում իր կապակցման ներուժի շնորհիվ։ Նույն կերպ, ողջ Հարավային Կովկասը, թեկուզ աստիճանաբար, դառնում է ավելի լայն Սեւծովյան տարածաշրջանի մաս, որտեղ տրանսպորտային միջանցքները, էներգետիկ ուղիները եւ մատակարարման շղթաները վերաձեւավորում են միջազգային հարաբերությունները։
Հայաստանը վերածվում է յուրատեսակ փորձաքարի՝ ցույց տալու համար, թե արդյոք կապակցվածությունը կարող է միաժամանակ ծառայել տնտեսական նպատակներին եւ քաղաքական համագործակցության միջոցով նպաստել տարածաշրջանային կայունացմանը։ Հայաստանի, նրա հարեւանների եւ տրանսատլանտյան գործընկերների առջեւ ծառացած մարտահրավերն այսօր այլեւս կապակցվածության հնարավորությունների բացահայտումը չէ, այլ այդ հնարավորությունները երկարաժամկետ եւ կայուն պայմանավորվածությունների վերածելը, որոնք կկարողանան դիմակայել այն աշխարհաքաղաքական ցնցումներին, որոնց արդյունքում դրանք ի հայտ են եկել։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: