Հաշվի առնելով այսօրվա հանդիպման եւ քննարկման համար նախատեսված թեմաները, այդպիսիք՝ գենդերային հարցերը, տեղեկացնեմ, որ հանձնաժողովում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել հատկապես կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր: Դրանցում առանցքային է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումը:
Ողջունելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտիի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, որին մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Էսթեր Այվազյանը, Տիգրան Պարսիլյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Միշտ երազել եմ այցելել ձեր երկիր։ Նախապատվությունը պետք է տրվի Հայաստանի ճանաչմանը՝ որպես քաղաքակրթությունների օջախ եւ ծննդավայր», – ասել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ նշելով, որ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ցանկացած երկրում կարեւոր դերակատարում ունի: Նա արժեւորել է այն հանգամանքը, որ հանձնաժողովը զբաղվում է ոչ միայն օրենսդրական կարգավորումներով ու իրավունքի խնդիրներով, այլեւ փորձում է երկրում ձեւավորել մարդու իրավունքների պաշտպանության մշակույթ:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել է, որ հանձնաժողովն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում ներկայացվող Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի կազմման աշխատանքներին: Մայքլ Օ’Ֆլահերտին ընդգծել է նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքների կարեւորությունը:
Ռուստամ Բաքոյանը մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի կողմից քննարկված եւ ընդունված, մշակման փուլում գտնվող օրենսդրական նախաձեռնությունները: Նա կարեւորել է ազգային փոքրամասնություններից հատկապես եզդիական համայնքում իր նախաձեռնությամբ գենդերային հարցերով աշխատանքային քննարկումների անցկացումը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի համար իրականացվող սոցիալական եւ տնտեսական ներառմանն ուղղված ծրագրերի մասին: Մանրամասն ներկայացնելով կատարված աշխատանքները՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ լիազորությունների շրջանակում աջակցում են նրանց կողմից բարձրաձայնված խնդիրների կարգավորմանը:
Անդրադարձ է կատարվել գենդերային բռնության դեմ պայքարին, խտրականության կանխարգելմանը:
ՀՀ ազգային ժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: