Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը հարվածներ հասցնում, հայհոյում և սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության բաժանմունքում գտնվող տղամարդու նկատմամբ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է իրավապահ համակարգում մարդու հիմնարար իրավունքների խախտման նշված դեպքը։
Պետությունը պարտավոր է անհապաղ ջանքեր և միջոցներ ձեռնարկել՝ արդյունավետ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու, դեպքին իրավական գնահատական տալու և մարդու բացարձակ իրավունքը խախտող պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու մասով, նաև պարտավոր է կիրառել անհրաժեշտ միջոցներ բռնության ենթարկված անձի և նրա ընտանիքի անդամների անձնական անվտանգության ապահովման, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ նրանց հետագա հնարավոր ճնշումներից զերծ պահելու նպատակով։
Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ հիշեցնել, որպեսզի պետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր հաստատությունում մարդու իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասին ականատեսները, տուժածները անպայման բարձրաձայնեն և լռության չմատնեն տեղի ունեցածը, քանի որ որևէ դեպք չպետք է մնա անտեսված և անպատիժ։
Ուստի, եթե ենթարկվել եք մարդու արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունքի, ֆիզիկական և/կամ հոգեբանական բռնության, կարող եք անհապաղ դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությանը՝ ներքոնշյալ հեռախոսահամարներով։
📞093819275
📞077342268
📞094042268
ՀՔԱՎ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: